211652_close_icon
views-count12619 դիտում article-date 14:49 07-07-2017

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Երևանում ընթանում է դաշնակահարների մրցույթ. մասնակցում են աշխարհի 14 երկրների դաշնակահարներ

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Երևանում ընթանում է դաշնակահարների մրցույթը, որին մասնակցում են աշխարհի 14 երկրների 48 դաշնակահարներ։ Մրցույթի մասնակիցներից է Քեթևան Չխարթիշվիլին (Վրաստան)։ Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան։ Բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից ու դափնեկիր է։ Ասում է, որ ելույթից առաջ հուզվում է, պետք է փորձի հավաքել ուժերը և լավագույնս ներկայանալ ժյուրիին։ Երիտասարդ դաշնակահարուհին նաև հաջողություններ է մաղթում իր բոլոր մրցակիցներին։ Ժյուրիի անդամ, Գերմանիան ներկայացնող դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ Ռատկո Դելորկոն նշում է, որ երկու օրերի լսումների արդյունքում դեռ վաղ է ամբողջական կարծիք հայտնել մրցույթի մասնակիցների մասին, սակայն կարող է ասել, որ ընդհանուր մակարդակը շատ լավն է։ Նշենք, որ «Արմենիա» միջազգային մրցույթին զուգահեռ անցկացվում է նաև փառատոն։ Հուլիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը (Ռուսաստան/Ֆրանսիա)։ Ծրագրում հնչել են Անտոնիո Վիվալդիի, Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Իսկ այսօր՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Հնչում է Երևանը» խորագրով համերգային երեկոն։ Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր