211652_close_icon
views-count7059 դիտում article-date 23:45 06-07-2017

Արևմուտքը երբեք չի պարտվելու, մեր արժեքները ամուր են լինելու, մեր քաղաքակրթությունը՝ մնայուն. Դոնալդ Թրամփ. «Ամերիկայի ձայն»

«Արևմուտքը երբեք չի պարտվելու: Մեր արժեքները ամուր են լինելու, մեր ժողովուրդները՝ բարգավաճ և մեր քաղաքակրթությունը՝ մնայուն»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրային ելույթը Վարշավայի Կրասինսկիի հրապարակում շատերի գնահատմամբ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի առաջին գլոբալ կոչն էր Եվրոպայի և ամբողջ աշխարհի մարդկությանը: Նրա խոսքով, Արևմուտքն այսօր կազմել է պատմության մեջ հզորագույն դաշինքը: Դաշինք, որը խարսխված է մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի վրա. «Մեր կյանքի կենտրոնում են հավատքը և ընտանիքը, մենք մարտահրավեր ենք նետում ամեն ինչին, մենք ցանկանում ենք բացահայտել ամեն ինչ, որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ: Եվ ամենից շատ մենք գնահատում ենք յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքը, յուրաքանչյուր մարդու իրավունքները և յուրաքանչյուր ոգու ազատության ցանկությունը: Ահա թե ովքեր ենք մենք: Սա է մեր քաղաքակրթությունը»: ԱՄՆ-ի նախագահի խոսքով, այսօր քաղաքակիրթ աշխարհի առջև ծառացել են նոր վտանգներ. «Մեր դեմ է դուրս եկել մի մռայլ գաղափարախոսություն, որը փորձում է ամբողջ աշխարհում ահաբեկչություն և ծայրահեղականություն սերմանել: Ամերիկան և Եվրոպան ահաբեկչական հարձակումների են ենթարկվում, սակայն, մենք դրան վերջ կդնենք»: Քաղաքակիրթ աշխարհի համար մեկ այլ վտանգ են ներկայացնում քարոզչության ու կիբեր պատերազմների նոր դրսևորումները: Այս կապակցությամբ Դոնալդ Թրամփը դիմեց իր ռուսաստանցի գործընկերոջը. «Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ապակայունացնող գործողությունները Ուկրաինայում և ամենուր, դադարեցնել Սիրիայի և Իրանի թշնամական վարչակարգերի նկատմամբ աջակցությունը և փոխարենը միանալ պատասխանատու պետությունների հանրությանը, պայքարել ընդհանուր թշնամիների դեմ և պաշտպանել քաղաքակրթությունը»: Նախագահ Թրամփը վերահաստատեց նաև ԱՄՆ-ի նվիրվածությունը ՆԱՏՕ-ի պայմանագրի հիմնարար 5-րդ կետին, որը նախատեսում է դաշնակիցների պաշտպանություն ցանկացած հարձակման դեպքում. «Միացյալ Նահանգները ոչ միայն խոսքով, այլև գործով է ապացուցել 5-րդ կետին իր նվիրվածությունը»: Արժեքները, սակայն, պաշտպանում են ոչ միայն զենքի և տնտեսության, այլև՝ ոգու ուժի միջոցով, հիշեցրեց Դոնալդ Թրամփը: «Մենք կարող ենք ունենալ խոշորագույն տնտեսությունը և երկրագնդում ամենամահացու զենքերը, սակայն, եթե մենք չունենանք ամուր ընտանիքներ, ամուր արժեքներ, մենք թույլ կլինենք և չենք գոյատևի»: Այդ իսկ պատճառով իր ելույթում նախագահ Թրամփը կոչ արեց ժողովուրդներին առաջին հերթին հիշել և պահպանել սեփական պատմությունն ու ինքնությունը. «Եթե մենք չմոռանանք, թե ովքեր ենք մենք, մեզ անհնարին կլինի հաղթել»: Լեհաստանից նախագահ Թրամփը մեկնեց Գերմանիա, որտեղ սկսվում է աշխարհի 20 ամենազարգացած երկրների գագաթաժողովը: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3930833.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր