211652_close_icon
views-count13760 դիտում article-date 13:34 04-07-2017

«Թեքեյան» մշակութային միության անդամներն ու լիբանանցի պատանի երաժիշտները հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Թեքեյան» մշակութային միությունների Լիբանանի հիմնադիր մարմնի 70-ամյակը նշելու կապակցությամբ Հայաստանում գտնվող Լիբանանի շրջանային վարչության անդամներին և լիբանանցի պատանի երաժիշտներին: 70-ամյակի միջոցառումները կազմակերպվում են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում կայանալու են «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգը և «4 սերունդ. վճռականության ոգին» ցուցահանդեսը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախ ողջունեց հյուրերին, ապա իր խոսքում բարձր գնահատեց հայ-լիբանանյան բարեկամությունը՝ նշելով, որ այն դարերի պատմություն ունի: «Լիբանանը գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի զավակներին, ապահովեց նրանց ապրելու և արարելու կենսապայմաններով: Իսկ այսօր այնտեղ ապրող մեր հայրենակիցները դարձել են երկրի լավագույն քաղաքացիներ և իրենց ներդրումն են բերում զարգացման գործին», - նշեց նախարարը: Նախարարը շնորհակալություն հայտնեց «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանին՝ Լիբանանում հայապահպան գործունեություն ծավալելու և «Թեքեյան» մշակութային միությունների Լիբանանի հիմնադիր մարմնի հիմնադրման 70-ամյակը Հայրենիքում նշելու համար: Սփյուռքի նախարարը կարևորեց նաև Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի գործունեությունը՝ նշելով, որ օրաթերթը նոր շունչ և հնչեղություն է ստացել խմբագրի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Անդրադառնալով երկու պետությունների մշակութային կապերին՝ նախարարն ընդգծեց, դրանք այն տարեցտարի ավելի են սերտանում: «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչությունը հուլիսի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպում է «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգը՝ 9 արաբ և 1 հայ պատանի երաժիշտների մասնակցությամբ, որի ընթացքում հնչելու են հայ մեծանուն երգահաններ Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Է.Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները: Խոսելով լիբանանահայ նկարչուհի Լենա Այդընյանի նախաձեռնությամբ հուլիսի 7-10-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում իրականացվելիք «4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառքի մասին՝ հյուրերը նշեցին, որ ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Սահակ, Արփինե, Սարին Ոսկյանների, Տանիա և Լենա Այդընյանների, ինչպես նաև Սելին Չաղլասյանի կտավները: Իսկ Սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթի մի մասը կտրամադրվի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին: Նախարար Հրանուշ Հակոբյանը «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության անդամ Լենա Պալքճյանին մաղթեց մեծ հաջողություններ հայաստանյան ցուցահանդես-վաճառքում՝ վստահություն հայտնելով, որ կտավները կընդունվեն ու կսիրվեն հայաստանցի խստապահանջ արվեստագետների կողմից: Այնուհետև իրենց շնորհակալական խոսքն ասացին Վիգեն Ասսիլյանը և նրա կինը՝ դաշնակահարուհի Ռիտա Ասսիլյանը, ով «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգի գեղարվեստական ղեկավարն է: Նրանք նշեցին, որ ապրելով Լիբանանում՝ ամեն օր զգում են Սփյուռքի նախարարության աջակցությունն իրենց նախաձեռնություններում: «Իսկ այսօր մեզ աջակցեցիք Միության 70-ամյակին նվիրված միջոցառումները նաև Հայրենիքում կազմակերպելու գործում: Սփյուռքի նախարարությունն իրավամբ մեր տունն է», - նշեց Վիգեն Ասսիլյանը: «Հայրենիքում «4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդեսի կազմակեպմամբ իրականանում է իմ և պապիս մեծագույն երազանքը, խոսքեր չեմ գտնում զգացողություններս նկարագրելու համար», - հավելեց Լենա Պալքճյանը: Հայ և արաբ երեխաները նշեցին, որ առաջին անգամ են Հայաստանում և տպավորված են ջերմ հյուրընկալությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր