211652_close_icon
views-count13687 դիտում article-date 16:06 29-06-2017

Ֆաբիան Պանիսելլո. «Երիտասարդական նվագախումբը բաց է նոր նախագծեր իրականացնելու և նորը վերցնելու հարցում»

Հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում գեղեցիկ սիմֆոնիկ համերգ էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց Աարոն Կոպլենդի, Կլոդ Դեբյուսիի, Տակաշի Յոշիմացուի, Ֆաբիան Պանիսելլոյի, ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես եկան Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ), Մարիա Նեմցովան (դաշնամուր), Վիտալի Վատուլիան (ալտ սաքսոֆոն), Բորիս Ալահվերդյանը (կլարնետ) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)։ Համերգի ընթացքում նվագախումբը ղեկավարեցին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ֆաբիան Պանիսելլոն: Պանիսելլոյի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց նրա իսկ ստեղծագործությունները՝ Ջութակի և Դաշնամուրի կոնցերտները, որոնք առաջին անգամ էին ներկայացվում հայ ունկնդրին։ Դիրիժոր, կոմպոզիտոր Ֆաբիան Պանիսելլոն նշեց, որ շատ հետաքրքիր է աշխատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, որը բաց է նոր նախագծեր իրականացնելու և նորը վերցնելու հարցում։ Այդ իսկ պատճառով համագործակցությունը նվագախմբի հետ շատ արդյունավետ է ստացվում։ Նշենք, որ Ֆաբիան Պանիսելլոյի և հայտնի մենակատարների մասնակցությամբ երևանյան համերգը կազմակերպվել էր Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործընկերությամբ և Adam Mickiewicz Institute-ի աջակցությամբ: ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան համոզված է, որ նման համերգներն ամրապնդում են երկկողմ ընկերությունը: «Ներկայացնում ենք մի համերգ, որին ելույթ են ունենում հայ և արգենտինացի դիրիժորներ, ովքեր իրենց ելույթներով նշանավորում են երկու երկրների բարեկամական հարաբերությունները»,- իր խոսքում նշեց դեսպանը: Արգենտինան ներկայացնող կոմպոզիտորը ժամանակակից ամենապահանջված ու հայտնի ստեղծագործողներից է։ Պանիսելլոյի գործերը ներկայացրել են աշխարհում հայտնի կոլեկտիվներ՝ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը, BBC սիմֆոնիկ նվագախումբը, Իսպանիայի ազգային և այլ նվագախմբեր ու անվանի արտիստներ։ Մենակատարներ Մարիա Նեմցովան, Վիտալի Վատուլիան և Բորիս Ալահվերդյանը Հայաստան էին ժամանել «Երաժշտություն խաղաղության համար» նախագծի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր