211652_close_icon
views-count3508 դիտում article-date 20:48 27-06-2017

Սա իմ առաջին ելույթն է որպես հայկական պատվիրակության ղեկավար. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թինի Կոքսին իր նվիրվածության եւ իրապես այս բարդ զեկույցը ներկայացնելու համար: Ինձ համար այս պահը խորհրդանշական է: Սա իմ առաջին ելույթն է որպես հայկական պատվիրակության ղեկավար, եւ ես ուրախ եմ վերադառնալ Վեհաժողով: Ես աշխատել եմ այստեղ 3.5 տարի, այսինքն՝ ես նոր անդամ չեմ Վեհաժողովում: Սակայն, ցավում եմ, որ վերադառնում եմ այն պահին, երբ առաջին հարցը, որ քննարկվում է ընթացիկ զեկույցում, Վեհաժողովի նախագահի անվստահության, կոռուպցիոն սկանդալների եւ հետաքննության մարմնի ստեղծման հարցերն են: Նախկինում, երբ մենք խոսում էինք կոռուպցիայի մասին, դա միայն բամբասանքի մակարդակում էր կամ դա վերագրում էինք մեր խոսքի ազատության կամ մեր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքին, բայց այժմ մենք այնպիսի իրավիճակի ենք բախվել, երբ բոլորը կարող են խոսել մի մարդու մասին, որը հավատ չի ներշնչում, բոլորը կարող են փաստարկել, որ այդ անձը չունի վստահություն, բոլորը կարող են համոզված լինել, որ այդ անձը կոռումպացված է եւ կատարել է գործողություններ, որոնք հակադրվում են Վեհաժողովի դավանած արժեքներին, բայց այդ անձը կարող է շարունակել իր գործելաոճը, ինչպես ճիշտ նշեց պարոն Գրեյնջերը, վստահության ճգնաժամ ստեղծելով այս Վեհաժողովում: Նման իրավիճակն անընդունելի եւ անթույլատրելի է, բայց ոչ այն իմաստով, որ պետք է միայն բարձրաձայնենք դրա մասին, այլ գործուն քայլերի դիմենք, ինչպես նշվում է զեկույցում: Հարգելի գործընկերներ, մենք Վեհաժողովը՝ որպես ժողովրդավարության օրրան, ժառանգել ենք այն քաղաքական գործիչներից, ովքեր ամենայն հոգածությամբ պահպանել են այս արժեքները, եւ այժմ մենք պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել այդ արժեքների համար: Մենք ենք կերտում այս Վեհաժողովի դեմքը եւ որպես Վեհաժողովի դեմք՝ մենք պետք է որոշենք, թե ով է ներկայացնելու Վեհաժողովը, ով կարող է գործել այս Վեհաժողովի անունից եւ դա նշանակում է, որ մենք պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորենք այդ մարդկանց նկատմամբ: Ամփոփելով ելույթս՝ կոչ եմ անում գործողության. կամ մենք բոլորս կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում այս Վեհաժողովի համար կամ փոխվում է Վեհաժողովի նկատմամբ մեր մոտեցումն այն իմաստով, որ մենք այլեւս չենք դիտարկում այն որպես ժողովրդավարության օրրան, այլ՝ ընդամենը որոշ զեկուցողների կարծիք: Եւ ես կցանկանայի հիշեցնել ադրբեջանցի մեր գործընկերներին, այսպես կոչված, Սարսանգի շատ խորհրդանշական զեկույցի մասին: Զեկույցում բարձրացված հարցը կարեւոր հարց է, սակայն զեկուցողի պատճառով կամ այսպես կոչված կոռումպացված անձի պատճառով այն մարդասիրական հարցից վերածվեց միայն քաղաքական հարցի եւ ուրիշ ոչնչի: Իրականում մենք պետք է ընկալենք դրա կարեւորությունը մեզ համար, այն արժեքների համար, որոնք մենք կրում եւ փայփայում ենք:

Նմանատիպ նյութեր