211652_close_icon
views-count19098 դիտում article-date 14:12 27-06-2017

«Հեռացողի նմա՞ն եմ». Վարդան Հարությունյանն իր բիզնեսը հանձնել է ընտանիքի անդամներին

Իմ բիզնեսը ընտանիքիս անդամներին եմ հանձնել. այդտեղ շահերի բախում չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Անդրադառնալով իր կուտակած հսկայական ունեցվածքին, Վ. Հարությունյանը հայտարարեց. «Մի մոռացեք, որ ես մինչեւ 2016թ. հոկտեմբեր ամիսը աշխատել եմ բիզնեսում: Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա: Եթե հաջողակ բիզնեսմենը չպետք է ունենա որոշակի կարողություն, դա ինձ համար ընդունելի չէ: Կարող է եւ 6 տուն ու առանձնատուն ունենայի»: ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում հնարավոր է առանց հովանավորչության լինել հաջողակ բիզնեսմեն եւ ինքն անձամբ չունի հովանավորներ, իսկ իր բիզնեսը չի տվել հավատարմագրային կառավարման, ընտանիքի անդամներն են վարում. «Իմ կողմից որեւիցե հովանավորություն չի եղել: Շահերի բախում էլ չկա»: Ինչ վերաբերում է ներկրումների ոլորտում առկա իրավիճակին, նա հավաստիացրեց, որ ցանկացած մարդ կարող է ներկրել ինչ ցանկանա, սահմանափակումներ չկան. «Դուք բերեք փաստ, որ որեւէ մեկն ուզում է ինչ-որ բան ներկրել եւ մաքսային, հարկային մարմինները խոչընդոտում են: Շատ տնտեսվարողներ են շաքարավազ ու բանան ներկրում: 20-ից ավելի ընկերություններ»: Իսկ այդ պայմաններում գնանկում չկա, որովհետեւ, ըստ Հարությունյանի, հարկերն ավելացել են. «Եթե որոշ ընկերություններ ստվերում են գործել, ու հիմա ստվերում չեն գործում, բնական է, որ դա պետք է գնի վրա ազդեցություն ունենա»,-ասաց ՊԵԿ նախագահը: Լրագրողները Վ. Հարությունյանից հետաքրքրվեցին՝ արդյոք 2018թ.-ից հետո մնալու է ՊԵԿ նախագահի պաշտոնում, ինչին նա արձագանքեց. «Հեռացողի նմա՞ն եմ ես: Ես կլինեմ այնտեղ, որտեղ նպատակահարմար կգտնի մեր թիմը: Ո՞վ ասաց, որ ես կառչած եմ իմ պաշտոնից»:

Նմանատիպ նյութեր