211652_close_icon
views-count16712 դիտում article-date 12:58 27-06-2017

Մահացել է բանաստեղծ և արձակագիր Վլադիմիր Աբրահամյանը

87 տարեկան հասակում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ, ՀԳՄ անդամ Վլադիմիր Արբրահամյանը։ Այս մասին տեղեկացրեցին Հայաստանի գրողների միության վարչությունից։ Վլադիմիր Գուրգենի Աբրահամյանը ծնվել է 1930 թ. մայիսի 1-ին, Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն)։ Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատակցելով Բաքվի «Կոմունիստ»-ին։ Եղել է նաև «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության նախագահության անդամ (1988 թ.-ից) և հայկական մասնաճյուղի ղեկավար։ 1991թ. տեղափոխվել է Հայաստան։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են Հայաստանի և Ադրբեջանի գրական մամուլում՝ «Բողբոջներ» (1959թ.), «Սարի շուշաններ» (1963թ.), «Կարոտ և կանչեր» (1966թ.), «Ես իջել եմ լեռներից» (1968թ.), «Ուրցի բույրը» (1972թ.), «Յոթ ծիածան» (1976թ.), «Աստղ լուսո» (1983թ.), «Իմ սիրո ծառ, սալորենի» (1989թ.), «Կենաց ծառ» (1999թ.), «Ամպրոպի արահետով» (2002թ.), «Զրույց ստվերիս հետ» (2011թ.) և այլ գրքեր: 1957թ-ից Հայաստանի գրողների միության անդամ էր: Հեղինակել է շուրջ 20 բանաստեղծությունների ժողովածու: 1976թ. «Յոթ ծիածան» պոեմի և «Ասք սիբիրյան հողի մասին» ակնարկաշարի համար արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 2005թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010թ.՝ ՀԳՄ մեդալի` գեղարվեստական գրականության ոլորտում ունեցած ավանդի համար:

Նմանատիպ նյութեր