211652_close_icon
views-count22969 դիտում article-date 11:13 27-06-2017

Քարինջ գյուղում մեծ ոգևորությամբ նշվեց «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմա-ազգագրական ՀԿ-ի ամենամյա դարձած «Տոհմի օրը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 25-ին Լոռու մարզի Քարինջ գյուղում Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմը նշեց իր՝ արդեն իսկ ավանդական դարձած «Տոհմի օրը»: Ամեն տարի տարբեր համայնքներում անվանակոչվում են Չիլինգարյան տոհմի անվանի մարդկանց անուններով փողոցներ, և ահա, Քարինջ համայնքի փողոցներից մեկն էլ երեկ անվանակոչվեց բանաստեղծ Ռուբեն Սևակի (Ռուբեն Սևակ Չիլինկիրյան) անունով: Հանդիսության ժամանակ ելույթներ ունեցան Քարինջ համայնքի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանը, ուսուցչուհի Զոյա Պետրոսյանը, «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմա-ազգագրական հասարակական կազմակերպություն նախագահ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, որն էլ բարձր գնահատեց նման կազմակերպությունների գոյությունը ազգի և պետության զարգացման ու ամրապնդման գործում: Ուրախ և բարձր տրամադրությունը համակել էր ոչ միայն բոլոր Չիլինգարյաններին, այլև հյուրերին և գյուղի բնակիչ մասնակիցներին, որոնց զգալի մեծամասնությունը սերում է հենց այս տոհմից: Հայրենասիրական երգերով ու պարերով էլ ներկաներին բարձր տրամադրություն պարգևեցին Քարինջի նախակրթարանի և դպրոցի սաները, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» համույթը: Հուշանվերներ ստացան դպրոցի բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտները, իսկ պատվոգրերը և շնորհակալագրերը բաժին հասան Չիլինգարյան տոհմի բարեկամներին և ակտիվ անդամներին: Հավելենք, որ «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2010 թվականի հունիսին 25-ին` նախաձեռնող խմբի կողմից: Նրա ստեղծմանը նախորդել են Չիլինգարյան/Մամիկոնյան տոհմի ուսումնասիրման հսկայածավալ հետազոտական և բանահավաք աշխատանքներ, որոնք հավաքագրվել և մշակվել են Էդվարդ Սարգսյանի «Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմ» փաստատարեգրական գրքում: Հավաքագրված տեղեկությունների հիման վրա հեղինակը 1976-1980 թվականների ընթացքում կազմել է Մամիկոնյանների-Չիլինգարյանների 400 տարվա տոհմածառը: Այն ամփոփում է մոտ 3000 ազգակիցների շարունակական կառուցվածքը՝ սկսած 1650 թվականից: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 346+
346+

Նմանատիպ նյութեր