211652_close_icon
views-count3138 դիտում article-date 19:57 26-06-2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հունաստանի արտգործնախարարի տեղակալին

Հունիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև դարերի խորքից եկող եղբայրական հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամության վրա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ուրախալի է իր հույն գործընկեր Նիկոս Կոձիասի՝ Երևան կատարած այցից կարճ ժամանակ անց, ըստ ձեռք բերված համաձայնության, ընդունել Հունաստանի փոխարտգործնախարարին՝ արտերկրում հայկական և հունական համայնքների միջև համագործակցության հարցերը քննարկելու համար։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Փոխնախարար Քուիքը տեղեկացրեց, որ, ի կատարումն երկու երկրների արտգործնախարարների պայմանավորվածության, աշխատանքներ են ընթանում հայ-հունական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կիպրական հիմնխանդրի հանգուցալուծման գործընթացին, մերձավորարևելյան զարգացումներին և դրանց հետևանքով առաջացած միգրացիոն ճգնաժամին։

Նմանատիպ նյութեր