211652_close_icon
views-count16707 դիտում article-date 20:15 26-06-2017

Տեղի է ունեցել «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանի կողմից կազմած «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Սիրիահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958թթ. ապրել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդվինների միջավայրում ապրած հայերին: Նուրհան Պալյանի լուսանկարների վրա հիմնված պատկերագիրքը ներկայացնում է հայ ժողովրդի ապրած չարչարանքների, օտարացման և ազգային ինքնության կորստի, համազգային մեծ տառապանքի վերաբերյալ փաստեր, աղբյուրագիտական նշանակություն ունեցող հուշագրություններ: Դեր-Զորին նվիրված նկարաշարն ամբողջությամբ ներկայացվում է առաջին անգամ, որը հավաքագրել և հրատարակության է պատրաստել Հրազդան Թոքմաջյանը: Նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Անապատի տխուր մեղեդին»… նկարաշարի վերնագիրը լուրջ ուղերձ է: Այն Հայոց ցեղասպանության հանրահռչակման յուրատեսակ ձեռնարկ է՝ համայն աշխարհին ապացուցելու, որ ջարդերից զատ հայության զգալի հատված նաև օտարացվել է, կտրվել իր բնարմատից: Վստահ եմ, որ օտար ընթերցողը, թերթելով պատկերագիրքը, կհասկանա, կըմբռնի թուրքական իշխանությունների կողմից մեզ պատճառված ահռելի արհավիրքն` իր բոլոր դրսևորումներով, արհավիրք, որի մասին մինչ օրս շարունակում են նորանոր նյութեր լույս աշխարհ գալ»: Շնորհակալություն հայտնելով պատկերագրքի շնորհանդեսը կազմակերպելու համար՝ Հրազդան Թոքմաջյանը նշեց. «Նուրհան Պալյանի լուսանկարները վկայում են արաբ ժողովրդի հյուրընկալությունն ու հոգատարությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի շնորհիվ հայերի մի ստվար զանգված, ճիշտ է ուծացավ, սակայն պահպանեց իր գոյությունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր