211652_close_icon
views-count18699 դիտում article-date 17:42 24-06-2017

Գրքի բանկը սկսում է հերթական գրքահավաքը

Հունիսի 23-ին, 19.00-ին, Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դիմաց տրվեց [url=https://www.vivaronews.am/culture/grqi-banky-sksum-e-hertakan-grqahavaqy]«Գրքի Բանկ» նախագծի[/url] երրորդ փուլի պաշտոնական մեկնարկը։ Ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, հայաստանյան տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչներ և շատ գրքասերներ, որոնք տասնյակ գրքեր էին բերել՝ դառնալով «Գրքի Բանկ» գրքահավաք-բարեգործական նախագծի առաջին նվիրատուներն ու մեկամյա ընթացքի լավ և ակտիվ մեկնարկ ապահովողները։ Ներկաները և կազմակերպիչները կարևորեցին «Book Bank»-ի կատարած աշխատանքը՝ գիրքն ու ընթերցանությունը հանրայնացնելու և տարածելու գործում։ «Այստեղ արդեն այնպիսի գրքեր եմ տեսնում, որոնք ինքս կցանկանայի ունենալ և որոնք պատիվ կբերեին ցանկացած գրադարանի», - նշեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ «Գրքի հանրայնացման և տարածման, գրադարանների համալրման հետ կապված ցանկացած նախաձեռնություն ողջունելի է։ Այն, որ մեր նվիրած գրքերը կարող են այլ մարդկանց ինչ-որ օգուտ տալ, արդեն իսկ ոգևորիչ է։ Վստահ ենք, որ Vivaro News-ի այս նախաձեռնությունը կլինի շարունակական և գնահատված», - ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս, «Զանգակ» հրատարակչության գլխավոր խմբագիր Հայկ Համբարձումյանը։ Կային մարդիկ, ովքեր տասնյակներով գրքեր էին բերել և ոգևորությամբ դրանք տաղավարի մեջ դրեցին։ Միայն 15 րոպեի ընթացքում հարյուրից ավելի գիրք հավաքվեց: Լավ սկիզբը լավ ընթացքի երաշխավորն է: Հիշեցնենք, որ այս անգամ «Բուք Բանկի» կազմակերպիչն է Vivaro News լրատվական կայքը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մեկ տարվա ընթացքում հավաքված գրքերը նախագծի աշխատանքային թիմի կողմից խնամքով կդասակարգվեն և կտարվեն տարբեր համայնքային գյուղական գրադարաններ, զորամասեր՝ այնտեղ ուր մարդիկ գրքի և ընթերցանության կարիքն ունեն: [b][i]Նվիրե՛ք գիրք, գիրքը լավագույն նվերն է: [/i][/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր