211652_close_icon
views-count5440 դիտում article-date 18:54 23-06-2017

Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս, ադապտացնում ենք նոր ծրագիրը նախկին միջոցառումներին. վարչապետ

Այսօր Կառավարության հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Վարչապետը նախ անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի կողմից հավանության արժանացած կառավարության 2017-2022 թվականների ծրագրին, որով նախատեսված են յուրաքանչյուր ոլորտի զարգացման միջոցառումներն ու գործողությունները հստակ ժամկետներով: Հաշվի առնելով ծրագրի իրագործման փուլի մեկնարկը և կառավարության հանրությանը հաշվետվողականության քաղաքականությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ հստակ սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետները՝ եռամսյակային կտրվածքով։ Ցանկում ներառված միջոցառումների կատարողականների ընթացքի վերաբերյալ ևս եռամսյակային կտրվածքով պետք է ներկայացվի տեղեկատվություն կառավարության աշխատակազմ: Վարչապետը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ 2017 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խմդիրները հաստատելու մասին կառավարության որոշման մեջ, 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը: «Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս, աշխատում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական վեցօրյա նվազագույն աշխատանքային ռեժիմ, և ադապտացնում ենք ծրագիրը նախկին միջոցառումներին»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր