211652_close_icon
views-count3749 դիտում article-date 20:00 23-06-2017

Մենք շատ բան ունենք փոխելու և բաց ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համար. վարչապետ Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը տպավորիչ է համարել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ դրա արդյունքում անցած տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է 1 միլիարդ 190 մլն դոլարի 25 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցությամբ և ճանապարհատրանսպորտային, էներգետիկ ոլորտներում, կապիտալի շուկայի զարգացման և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմամբ, մասնավոր հատվածի հետ ԱԶԲ-ի համագործակցության ընդլայնմամբ: «Մենք շատ բան ունենք փոխելու և բաց ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համար»,- շեշտել է վարչապետ Կարապետյանը: Իր հերթին, Շոն Օ’Սուլիվանը գոհունակություն է հայտնել Հայաստանի տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի ընթացքից և նշել, որ ներկա դրությամբ աշխատում են նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նրա խոսքով՝ ԱԶԲ-ն պատրաստ է նաև համագործակցել կրթության, կառավարման թվայնացման և այլ բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր