211652_close_icon
views-count4787 դիտում article-date 10:45 23-06-2017

Ծրագիրը պետք է գրել մեկ տարով, թե չէ մինչև 2022 թվականը, ինչպես ասում են, ով սաղ, ով մեռած. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որքան ես հիշում եմ՝ կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում ընթանում է հետևյալ սխեմայով: Կառավարություն. «Նպատակները համեստ են, բայց սրանք են մեր հնարավորությունները»: Ընդդիմություն. «Մի գողացեք, և հնարավորություններն ավելի շատ կլինեն»: Կառավարություն. «Ապացուցեք, որ մենք գողանում ենք»: Ընդդիմություն. «Բա ինչո՞ւ է ժողովուրդը չքավոր, եթե չեք գողանում»: Կառավարություն. «Օբյեկտիվ պատճառներով»: Եվ այսպես՝ 25 տարի շարունակ: Քննարկումները մշտապես անցնում են երկկողմ պոպուլիզմի պայմաններում: Կառավարությունը գրում է քիչ թվեր, բայց ճոռոմ բառեր, ընդդիմությունը սահմանափակվում է «չե՛մ հավատում» բացականչությամբ և հրաժարվում է բովանդակային քննարկումից: Այս կրկնվող իրավիճակներով հանդերձ՝ արժե, թերևս, նշել մեկ բացասական և մեկ դրական յուրահատկություն: Բացասականն, իմ կարծիքով, այն է, որ ծրագիրը նախատեսված է 2017-2022 թվականների համար: Հինգ տարում կարող է հինգ կառավարություն փոխվել, և հաշվի առնելով, որ ամեն հաջորդ կառավարություն պատասխան չի տալիս նախորդի արած-չարածների համար, չես իմանա՝ ումից ինչ պահանջես: Օրինակ՝ նախորդ կառավարությունը խոստացել է 2017թ. նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Ներկայիս կառավարությունը խոստանում է մոտավորապես նույնն անել մինչև 2022 թվականը: Վաղը կգա մի նոր կառավարություն, որը մեկ այլ թիվ կասի կամ ոչ մի թիվ չի ասի, և այդ ամենը, մեղմ ասած, չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հետևաբար` Հայաստանի պայմաններում ծրագիրը պետք է գրել մեկ տարով: Բայց եթե ընտրված է «հնգամյա պլանի» տարբերակը, ապա, ինձ թվում է, պետք է լինեն միջանկյալ թվեր՝ 2018 թվականին այս կոնկրետ ցուցանիշը կլինի այսպիսին, իսկ 2019-ին՝ այնպիսին, որպեսզի հնարավոր լինի ստուգել՝ կատարվո՞ւմ են խոստումները, թե՞ ոչ: Թե չէ մինչև 2022 թվականը, ինչպես ասում են, ով սաղ, ով մեռած՝ աշխարհում, տարածաշրջանում և Հայաստանում շատ բան կարող է փոխվել: Հիմա դրականի մասին: Մեծ տեղ է հատկացվում թվայնացմանը՝ սկսած կառավարման համակարգից և վերջացրած հարկայինով, մաքսայինով, ինչպես նաև քաղաքացիների դիմումների ու բողոքների ընթացքով: Եթե հասարակությանը մատչելի լինեն մեր պետությանն առնչվող բոլոր տվյալները՝ ներառյալ բոլոր քաղաքացիների եկամուտներն ու ծախսերը (այո, բոլոր քաղաքացիների, որպեսզի հնարավորություն չլինի «ինչ-որ բան ինչ-որ մեկի վրա գրել»), ապա թափանցիկության այս աստիճանը էապես կնվազեցնի այն, ինչ բյուրոկրատական լեզվով կոչվում է «կոռուպցիոն ռիսկեր», իսկ դա հասարակության վստահության կարևոր հիմքերից մեկն է: Մնում է, որ մենք այնքան գրագետ լինենք, որ կարողանանք օգտվել համացանցում արդեն իսկ տեղադրված և տեղադրվելիք բաց տվյալներից: Ասելով «մենք»՝ նկատի ունեմ ոչ միայն լրագրողներիս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր