211652_close_icon
views-count6552 դիտում article-date 22:06 22-06-2017

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ համերգ և ընդունելություն է կազմակերպվել Լիոնում

Հունիսի 20-ին Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի աջակցությամբ Ռեգիոնալ խորհրդի սրահում կազմակերպել էր համերգային երեկո և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռեյնոն, Ռեգիոնալ խորհրդի անդամներ, Լիոնի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռոն Ալպի պրեֆեկտի ներկայացուցիչը, դեսպան Ժակ Շամպայն դե Լաբրիոլը, «Ժան Մուլեն Լիոն 3» համալսարանի դասախոսներ, հայկական կազմակերպությունների և եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև Գրենոբլ, Վիենն, Վալանս և Լիոն քաղաքաներից հայ համայնքի անդամներ: Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Լուսինե Մովսիսյանը, ով անդրադարձավ երկու երկրների միջև հարաբերությունների հիմնադրման կարևորագույն տարեթվերին՝ նշելով երկկողմ հարաբերությունների տնտեսական ուղղության զարգացման կարևորությունը և այդ նպատակով հոկտեմբերի սկզբին ռեգիոնի փոքր ու միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի հետ միասին ֆրանսիացի ձեռնարկատերերի՝ Հայաստան կազմակերպվելիք այցը: Ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի ներկայացուցիչ Քրիստին Լաֆորեն, ելույթ ունենալով միջոցառմանը, անդրադարձ կատարեց Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի համայնքների միջև համագործակցությանը, մասնավորապես, արևային էներգիայի, ֆրանկոֆոնիայի, տուրիզմի բնագավառներում: Նա ընդգծեց նաև համագործակցության շարունակականության կարևորությունը: Երեկոյի համերգային մասում ելույթ ունեցան Հայաստանի երաժշտական կրթարաններում ուսանած մեցցո սոպրանո Շուշան Առաքելյանը, սոպրանո Ձյունիկ Մադաթյանը և տենոր Ռազմիկ Պողոսյանը՝ դաշնամուրային ուղեկցությամբ Գրեգորի Բալեստերոսի: Հնչեցին երգեր և ռոմանսներ կոմպոզիտորներ Խաչատուր Ավետիսյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Մավիսակալյանի ստեղծագործություններից, ինչպես նաև արիաներ՝ Անուշ օպերայից: Երեկոն եզրափակվեց պաշտոնական ընդունելությամբ:

Նմանատիպ նյութեր