211652_close_icon
views-count3808 դիտում article-date 20:14 21-06-2017

Հայաստանն կա՛մ իր պարանոցը պետք է մտցնի սեղմօղակի մեջ, կա՛մ խելքը գլուխը պետք է հավաքի. Ռուբեն Մեհրաբյան

Ապրիլյան պատերազմից հետո հայկական պետությունները քաղաքական ոչ մի դաս չեն քաղել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա մատնանշեց, որ Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառներն առաջին հերթին գտնվում են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթության վրա: Պատժամիջոցների այն փաթեթը, որն ընդունել է ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ, ստացել է իրավական ուժ: «Պրակտիկան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի օրենսդիրները շատ մեծ դժվարությամբ են հետ կանգնում իրենց ընտրած պատժամիջոցներից»,- ասաց նա: Ըստ փորձագետի՝ այդ պատժամիջոցները Ռուսաստանին մեծ վնասներ են պատճառելու և դրանց ավելացման միտումները շարունակվելու են: «Սա նշանակում է, որ կա՛մ Հայաստանն ինքն իր պարանոցը պետք է մտցնի այդ սեղմօղակի մեջ, կա՛մ խելքը գլուխը պետք է հավաքի»,- ասաց նա: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանն ունի փայլուն հնարավորություններ և այլընտրանքներ, որոնք չի օգտագործում: Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ, չնայած Սվիտալսկիի դեմ իշխանությունների սկսած արշավին: Հայաստանն ունի լավ հարաբերություններ նաև ՆԱՏՕ-ի հետ: Ինչպես նաև՝ Հայաստանն ունի անվտանգության օրակարգ Իրանի հետ, որը, ցավոք, այսօր չի աշխատում: «Դրան գումարած՝ Հայաստանը ստացել է փայլուն առաջարկ ԱՄՆ-ից` կապված էներգետիկայի դիվերսիֆիկացման հետ, որի մասին դեռ բազմանշանակ լռում է ՀՀ կառավարությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ընդառաջ գնալով ԱՄՆ-ի առաջարկին, կթուլացնի իր կախվածությունը Ռուսաստանից: «Հայաստանն ուղղակի հիմա կանգնած է երկընտրանքի առջև: Հայաստանի համար մարտահրավերները կրում են էքզիստենցիալ` գոյաբանական բնույթ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր