211652_close_icon
views-count10928 դիտում article-date 13:55 19-06-2017

Վրաստանում իշխող կուսակցությունը խոսում է սահմանադրական միապետության անցնելու մասին

Վրաստանում կրկին քննարկվում է սահմանադրական միապետություն դառնալու հեռանկարը: Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը երեկ, հայտարարել է, թե սահմանադրական միապետությունը Վրաստանին խաղաղություն կբերի: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: «Վրաստանը հնագույն երկիր է, հնագույն մշակույթով: Գուցե մտածենք այն մասին, որ Վրաստանը հնագույն միապետություն է: Աստծո օրհնանքով՝ տիրում էին թագավորները: Այսօր աշխարհում հաճախ է լինում, երբ միապետական է կոչվում երկիրը, թագավորներ կան, բայց չեն կառավարում: Դա նշանակում է սահմանադրական միապետություն: Սա, իհարկե, այսօր և վաղը տեղի չի ունենա, սակայն մենք պետք է վերլուծենք անցյալը, ներկան ու ապագան»,- ասել է Իլյա երկրորդը: Կաթողիկոս-պատրիարքի այս հայտարարությունը հասարակական լայն քննարկման առիթ է դարձել: Ուշագրավն այն է, որ իշխող թիմից նույնպես արձագանքել են՝ ողջունել պատրիարքի գաղափարն ու խոստացել մտածել այդ ուղղությամբ: «Սա շատ հետաքրքիր միտք է: Միտք, որն արժանի է քննարկել անցյալի և ներկայի համատեքստում: Կարող ենք հաշվի առնել այն երկրների փորձը, որտեղ սահմանադրական միապետություն է և ինչպիսի կայունություն է այնտեղ: Եթե հաշվի առնենք Վրաստանի պատմական փորձը և առանձնահատկությունները, ապա այս գաղափարը վերլուծել է պետք»,- հայտարարել է Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան: Իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի խոսքերով էլ, «միապետությունը Վրաստանին կտա առանձնահատկություն, անհատականություն և երկիրն ավելի գրավիչ կդարձնի»: «Պատրիարքի դիրքորոշումը միշտ մեծագույն պատվի է արժանացել: Այսօր, միգուցե, սահմանադրական միապետություն համար պատրաստ չենք, սակայն հետագայում վրաց քաղաքական դաշտում թեման լրջորեն կքննարկվի»,- ասել է Մդինարաձեն: «Սահմանադրական միապետությունն այսօր չի կարող իրականություն դառնալ, քանի որ թագավորի ազգանունը, ընտանիքը, թագավորական տունը հաստատված չէ: Երևի շատ ժամանակ կպահանջվի, սակայն եթե հիմա դրական տրամադրվածություն լինի` վատ չի լինի»,- մանրամասնել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիա Վոլսկին:

Նմանատիպ նյութեր