211652_close_icon
views-count7270 դիտում article-date 16:49 08-06-2017

«Հիացած եմ, շատ լավ մասնակիցներ են». Մարկ Հիլդրյուն՝ խաչատրյանական մրցույթի մասին

Հունիսի 8-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում շարունակվում են Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի առաջին փուլի լսումները։ Տարբեր երկրներից ժամանած վոկալիստներն իրենց կատարումներով ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։ Ժյուրիի անդամ, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն նշեց, որ արդեն երկրորդ օրն են ունկնդրում մասնակիցներին. «Հիացած եմ, շատ լավ մասնակիցներ են, հատկապես հայ վոկալիստները. ուշագրավ են նրանց կոմիտասյան կատարումները»։ Ժյուրիի անդամը բարձր է գնահատում Խաչատրյանի մրցույթը, կազմակերպչական աշխարանքները, դրա դերը մշակութային կյանքում։ Խաչատրյանական մրցույթի մասնակիցներից է սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը։ Նա այս տարի ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի բակալավրիատը՝ Սուսաննա Մարտիրոսյանի դասարանը, միջազգային մրցույթների դափնեկիր է։ Ջուլիետտան ելույթից առաջ հուզվում է։ «Իհարկե, հաղթանակ ուզում են բոլորը։ Ես ցանկանում եմ մասնակցել, իմ ասելիքն ասել, մարդկանց հաղորդակից դարձնել իմ արվեստին»,- ասում է երիտասարդ երգչուհին՝ շեշտելով, որ մրցույթներին մասնակցությունը նաև փորձառություն է հաղորդում։ Նա ասում է, որ լսել է մրցույթի մյուս մասնակիցների կատարումները և խոստովանում, որ իրենց դժվարին պայքար է սպասվում։ Ջուլիետտան նաև նշում է, որ մեծ հպարտություն է Հայաստանում ունենալ այսպիսի բարձրակարգ մրցույթ։ Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։ Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքն առցանց հեռարձակվում է։ Այն կարելի է դիտել հետևյալ հղմամբ https://www.youtube.com/watch?v=JDY2bd3x8rI

Նմանատիպ նյութեր