211652_close_icon
views-count133041 դիտում article-date 18:50 06-06-2017

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. փոթորիկը տակնուվրա է արել մի քանի գյուղերի տներ ու ջերմոցներ. տանիքները կարկուտի նման թափվել են գետնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Խորոնք գյուղում մի քանի տների տանիքներ ամբողջովին ավերվել են՝ կարկուտի նման թափվելով գետնին: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան տներ, որոնց տանիքները ամիսներ առաջ են բնակիչները իրենց ուժերով կապիտալ վերանորոգել, ինչպես նաև ստեղծել են ջերմոցներ, որոնց մեծ մասը ցելաֆոնապատել են՝ պաշտպանելով այնտեղ գտնվող ցանքը: Փոթորիկը ավերել է նաև մեծ թվով ջերմոցներ, ինչպես նաև կոտրել երկաթյա խողովակներ: Բնակիչները հասկանում են, որ բնության դեմ ոչ ոք չի կարող առնել, սակայն ավելի շատ վիրավորված են այն վերաբերմունքից, որը ցուցաբերում է Արմավիրի մարզպետարանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մարզպետարանում նստած չինովնիկները իրենց թափանները լցնելու փոխարեն՝ լավ կանեին գոնե այս պահին գային գյուղացու կողքին կանգնեին: Մենք նրանցից ոչ գումար ենք ուզում, ոչ էլ ողորմություն, պարզապես եթե բարի կամք ունենան շինանյութ կտրամադրեն ու մենք գյուղացիներով, թև ու թիկունք կանգնելով, տանիքները կվերանորոգեինք: Մեկ ժամ առաջ զանգահարել ենք մարզպետարան, խոստացել են, որ կգան, բայց դառել են Նոյի ագռավ: Միայն Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի փրկարարներն են օպերատիվ արձագանքել, մնացածը, կարծես, ջայլամի քաղաքականություն են ընտրել, գլուխները մտցրել են ավազի մեջ ու ոչ գվում են, ոչ բվում»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամեն տուն նյութական վնաս է կրել 1-ից 3 մլն դրամի չափով: «Հիմա չգիտենք՝ ով է սատար կանգնելու մեզ: Բանկերից վարկ ենք վերցրել ու էդ գումարը դրել ենք գյուղատնտեսական աշխատանքների վրա ու հիմա ջերմոցների վնասման պատճառով հաստատ տակ ենք տալու»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ ծռել է ամուր երկաթե սյուները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն վիճակն է տիրում նաև Արտիմետ գյուղում, որտեղ նույնպես փոթորիկը տանիքներ է ավերել: Այստեղ նույնպես տուժած բնակիչները պատկան մարմիններից ոչ թե գումար են խնդրում, այլ հոգատարություն և շինանյութ: «Ոչինչ չենք ուզում: Եթե իրենք մեզ շիֆերներ տան, մենք մեր ուժերով տանիքները կվերանորոգենք»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Արմավիրի մարզպետարանի չինովնիկները տաքուկ կաբինետներից չեն փորձում դուրս գալ և տեղում ծանոթանալ իրավիճակին, ապա Արտիմետ գյուղի ղեկավար Վարդան Միրզախանյանը տուն առ տուն մտնում է և տեղում ծանոթանում իրավիճակին, գրառումներ կատարում իր մոտ, որպեսզի վաղը արդեն փորձի, հնարավորության սահմաններում, սատար կանգնել իր բնակչին: Գաղտնիք չէ, որ գյուղապետարանը այդքան բյուջե չունի ու ճիշտ կլինի, որպեսզի Արմավիրի մարզպետարանն ու ՀՀ կառարավությունը լսեն գյուղապետի խոսքը և տեղներից ժաժ գան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գրեթե բոլոր գյուղերը, որտեղ ուժեղ քամին ու փոթորիկն իր սև գործն են արել, տապալելով հաստաբուն ծառեր և էլեկտրասյուներ՝ հոսանքազրկվել են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր