211652_close_icon
views-count6868 դիտում article-date 20:06 30-05-2017

3600 արտաարեգակնային մոլորակ է հայտնաբերվել, հնարավոր է նաև կյանք գտնել. շվեյցարացի աստղագետ

Շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, առաջին արտաարեգակնային մոլորակի հայտնաբերող, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին դափնեկիր, պրոֆեսոր Միշել Մայորին Երևանում Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ժամանակները փոխվել են, և աստղագիտությունը սկսել է լուրջ հաջողությունների հասնել արտաարեգակնային մոլորակների հայտնաբերման ոլորտում: «Մենք գիտենք, որ արեգակի շուրջ պտտվում է 8 մոլորակ: Ժամանակին մարդիկ մտածում էին, որ կարող է այլ աստղերի շուրջ էլ մոլորակներ լինել, դրա համար ոլորտն անվանեցին արտաարեգակնային, այսինքն՝ արեգակի համակարգից դուրս, այլ աստղերի շուրջ պտտվող: Նման մոլորակների որոնումը հազարամյակների հարց է եղել, իսկ այսօր մենք տալիս ենք հազարամյակներով մարդանց հուզող հարցի պատասխանը. այլ աստղերի շուրջ կան մոլորակներ»,- ասաց նա: Նա տեղեկացրեց, որ արտաարեգակնային 3600 մոլորակ կա հայտնաբերված, սակայն խնդիրը միայն մոլորակ հայտնաբերելը չէ, այլև դրանց ուսումնասիրությունը, դասակարգումը: «Մենք գտնում ենք, որ բոլոր աստղերն ունեն մոլորակներ, սակայն հարց է ու պետք է առանձնացնենք, հասկանանք՝ արդյո՞ք կյանք կա այնտեղ: Հարց՝ կկարողանա՞նք այնտեղ մի օր կյանք հայտնաբերել, թեպետ ասեմ, որ մենք մոտենում ենք դրան, առաջընթաց ունենք: Կարող ենք ասել, որ շուտով նաև կյանք հայտնաբերելու հնարավորություն կընձեռվի»,- շարունակեց Միշել Մայորին: Շվեյցարացի գիտնականի դիտարկմամբ՝ պետք է ուսումնասիրել Հայաստանում գործող աստղադիտարանը՝ հասկանալու, թե ինչ տեխնիկական հագեցվածություն ունի, որից հետո կարելի է խոսել համագործակցության մասին:

Նմանատիպ նյութեր