211652_close_icon
views-count5296 դիտում article-date 13:15 29-05-2017

Ամփոփվել է «Level-up» միջազգային երկրորդ տնտեսագիտական գիտաժողովը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 26-28-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված «Level-up» միջազգային երկրորդ տնտեսագիտական գիտաժողովը, որը կրում էր «Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսության համար» խորագիրը: Գիտաժողովին մասնակցում էին 100 ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի, Հնդկաստանի, Վրաստանի և Ուկրաինայի` տնտեսագիտական մասնագիտացմամբ 14 համալսարններից: Լավագույն հոդվածների հեղինակները գիտաժողովի ընթացքում հանդես եկան զեկուցումներով 3 բաժանմունքներում` «ֆինանսական հատվածի զարգացման հնարավորությունները», «ՀՀ սոցիալ-տնտեսական մարտահրավերները» և «Տնտեսագիտության ժամանականից հիմնահարցերը»: Գիտաժողովի 3 աշխատանքային օրերը տարաբնույթ հանդիպումներով, բանախոսություններով, ինտերակտիվ խաղերով, կլոր սեղան և այլ ձևաչափի հետաքրքիր սեմինար-քննարկումներով։ Մայիսի 27-ին գիտաժողովին հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը։ «Մեր բուհի Ուսանողական խորհրդի կողմից 6 տարի շարունակ իրականացվող այսպիսի գիտաժողովները ստեղծում են բաց ու կայուն հարթակ ուսանողներին հուզող տնտեսական հիմնախնդիրների բարձրացման և դրանց լուծման հնարավոր տարբերակների բացահայտման տեսանկյունից»,-իր ելույթում նշեց Կորյուն Աթոյանը։ Մինչ զեկուցումների ներկայացմանն անցնելը՝ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ բարձր գնահատելով այսպիսի նախաձեռնությունների իրականացումը և դրանց դերը ուսանողների կյանքում։ «Մեր երկրում այսօր տնտեսական ճգնաժամը առավելապես պայմանավորված է ոչ թե ֆինանսական, այլ կառավարման ճգնաժամով։ Շատ կարևոր է նորարարական մոտեցումների առկայությունը կառավարման ամենաարդյունավետ ուղու ընտրության գործում, որն էլ իր հերթին ինչ-որ չափով պայմանավորված է նաև նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումով, քանի որ այսպիսի հարթակները կարող են շատ ավելի տեսանելի արդյունք տալ, քան մեր ուսանողների տարիների հետազոտություններն ու ուսումնասիրությունները»,-իր ելույթում նշեց ՀՀ վարչապետը։ Կարեն Կարապետյանը պատասխանեց նաև գիտաժողովի մասնակիցների կողմից հնչեցված հարցերին, ապա ներկա գտնվեց գիտաժողովի երկու մասնակիցների զեկուցումների ներկայացմանը։ Զեկուցումների ավարտից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի ամենաակտիվ ներկայացուցիչների հետ։ Հարց ու պատասխանի ձևաչափով ծավալված ակտիվ քննարկման ընթացքում ուսանողների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր ու խնդիրներ՝ կապված կրթական համակարգում բարեփոխումների իրականացման, ՀՀ տարածքային համաչափ զարգացման, տնտեսական կյանքին մարզերի երիտասարդության ներգրավման, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» աշխատանքներում երիտասարդների ներգրավվածության և այլ արդիական ու կարևորագույն հիմնահարցերի վերաբերյալ։ Վարչապետը ևս մեկ անգամ հորդորեց ուսանողներին՝ չլինել հանդուրժող։ «Ազատամիտ եղեք։ Կուրորեն մի հավատացեք ոչ մի խոսքի և ազատորեն արտահայտեք ձեր տեսակետը․ գուցե հենց դա է որևէ խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակը»,- այսպես ամփոփեց իր խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանը։ Գիտաժողովն ամփոփվեց մայիսի 28-ին` երեք բաժանքմունքներում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների պարգևատրման և գիտաժողովականների մասնակցության հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ: «ֆինանսական հատվածի զարգացման հնարավորությունները» խորագիրը կրող բաժանմունքում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Վարդիթեր Հովհաննիսյանը` «Բանկերի դերը տնտեսության ֆինանսավորման գործընթացում», իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին ՀՊՏՀ ուսանողներ Նարեկ Կարապետյանն ու Մարի Եղիազարյանը: «ՀՀ սոցիալ-տնտեսական մարտահրավերները» բաժանմունքում առաջին հորիզոնականին արժանացավ ՀՊՏՀ մագիստրոս Վալերիա Նահապետյանը` «Զբոսաշրջային կլաստերների ձևավորման հնարավորությունները ՀՀ-ում», իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներին` Ագրարային համալսարանի ուսանողուհի Իռա Փանոսյանն ու Հայ-ռուսական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Արման Ավետյանը: Վերջին` «Տնտեսագիտության ժամանականից հիմնահարցերը» սեկցիայում լավագույնը ճանաչվեց ՀՊՏՀ ասպիրանտուրա 2-րդ կուրսի ոսանողուհի Անի Խաչատրյանի ներկայացրած գիտական աշխատանքը` «Սոցիալ-տնտեսական վերափոխումների արդյունքների գնահատումը գործոնային վերլուծության գործիքակազմի կիրառմամբ», իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին ՀՊՏՀ ուսանողուհի Սոնա Սարգսյանը և Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Թամար Շենգելիան: Հաղթողները պարգևատրվեցին պլանշետներով, որոնք մասնակիցներին հանձնեցին ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի փոխնագահ Գրիշա Ամիրխանյանը և նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ովքեր իրենց ելույթներում մեկ անգամ ևս կարևորեցին այսպիսի գիտաժողովների դերն ու անգնահատելի նշանակությունը ուսանողների կյանքում` խոստանալով, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր