211652_close_icon
views-count11962 դիտում article-date 12:15 28-05-2017

Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում. Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո Նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված և Հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը: Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը: Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին և օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները և փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ և աննահանջ կամքով: Գործեցին ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով: Նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ: Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերևս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28-ին: Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր և ողբերգական ճակատագիր նախորդ որևէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր և նվիրական, և այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար: Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլև մարդու իրավունքներ և ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով: Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծագույն տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի առաջընթացի և բարօրության: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Փա՛ռք հայ ժողովրդին: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր