211652_close_icon
views-count3914 դիտում article-date 10:23 28-05-2017

Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության օրն է

Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության օրն է: 99 տարի առաջ այս օրը՝ 1918թ. մայիսի 28-ին, Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը: 1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի, Հայաստանի կազմի մեջ էին մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է: Պատմաբան Գևորգ Մելքոնյանի կարծիքով՝ Մայիսի 28-ը շատ կարևոր է Հայաստանի համար այն առումով, որ հինգ դարից ավելի պետականության կորստից հետո հայ ժողովուրդը վերջապես կարողացավ օգտվել միջազգային քաղաքական իրավիճակից և ստեղծեց առաջին հանրապետությունը: «Ես կարծում եմ, որ Մայիսի 28-ի նստվածքը մեր ժողովրդի մեջ ավելին է, քան սեպտեմբերի 21-ինը: Մեր ժողովուրդը կարծես թե Առաջին հանրապետության օրն ավելի ոգևորված է նշում, քան Հայաստանի Անկախության տոնը, որովհետև, ըստ էության, մայիսի 28-ը կանխորոշեց ներկայիս հանրապետության ստեղծումը: Եթե մենք չունենայինք առաջին հանրապետությունը, չէիք կարող ունենալ և՛ խորհրդային հանրապետությունը, թե՛ երրորդ հանրապետությունը: Առաջին Հանրապետությունն այն հիմքը դարձավ, որով ստեղծվեց երրորդ հանրապետությունը»,- ասաց նա: Նա նշեց, որ երկրորդ հանրապետության հռչակմանը, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը լիարժեք պատրաստ չէր: «Այդ ժամանակաշրջանը բացառիկ էր նրանով, որ ստեղծվեց մի իրավիճակ, որ մենք կարողացանք ստեղծել պետականություն և ոչ թե կորցնել այն: Իսկ մինչ այդ՝ այնպիսի իրավիճակներ էին ստեղծվում, որ մենք տարածքներ էինք կորցնում»,- ասաց նա՝ նշելով, որ շատ կարևոր է այդ իրադարձության մասին խոսելիս ընդգծենք ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի դերը, որի հեռատեսության շնորհիվ մենք կարողացանք օգտվել իրավիճակից և ստեղծել պետականություն՝ որոշ ժամանակ պահելով այն: Գևորգ Մելքոնյանը, խոսելով պատմության դասերից, նշեց, որ պետք է նկատենք, որ հարյուր տարի առաջ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները հիմա էլ մեր առջև ծառացած են: «Հայաստանի Հանրապետության խնդիրները առնվազն իր հարևանների հետ նույնն է, ինչը որ հարյուր տարի առաջ էր: Այսինքն՝ 100 տարի է անցել, սակայն մեր մարտահրավերները նույնն են մնացել»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ցավոք, մեր մոտեցումները հարևանների հետ մեր խնդիրները լուծելու հարցում չեն փոխվել: Ըստ նրա՝ նախկինում էլ, հիմա էլ մենք հիմնվում ենք այլ երկրների հետ դիրքորոշման վրա՝ մեր քաղաքականությունը մշակելիս: «Մենք պետք է հասկանանք, որ այն քաղաքականությունը, որ հիմա վարում ենք, պետք է վերանայենք: Մենք պետք է հասկանանք, որ մեր քաղաքականությունը հարևանների հետ պետք է հիմնվի այլոց երաշխիքների վրա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր