211652_close_icon
views-count5322 դիտում article-date 14:59 27-05-2017

Արա Բաբլոյանը մասնակցել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում մասնակցել է Վրաստանի անկախության 26-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգման օրվա կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձեւավորվել եւ զարգացել են՝ հիմնված լինելով բարիդրացիության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա: Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի ղեկավարների պարբերական փոխայցելությունները եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը վկայում են մեր երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին»: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ վերջին տարիներին հայ վրացական միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվությունը համագործակցության ոլորտում. «Իմ համոզմամբ, սա այն ոլորտն է, որը, ինչպես նախկինում, այնպես էլ մեր 6-րդ գումարման Ազգային Ժողովում գտնվելու է հայ օրենսդիրների ուշադրության կենտրոնում, քանի որ վրաց բարեկամ ժողովրդի հետ հարաբերությունների խորացումը Հայոց խորհրդարանի առաջնահերթություններից է»: 2017թ-ը հատկանշական տարի է երկկողմ փոխհարաբերություններում. նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանանք առավել խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ փոխհարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի: Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ բազում ձեռքբերումներով: Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն հայտնել այցելության եւ Վրաստանի Անկախության օրը միասին նշելու համար: Դեսպանը նշել է նաեւ, որ նշանակալից է Վրաստանում ապրող հայերի լուման իրենց պետության կառուցման եւ զարգացման գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր