211652_close_icon
views-count3091 դիտում article-date 10:05 25-05-2017

Կառավարությունն օրենքի ուժով փակում է արտագաղթածների տունդարձի ճանապարհը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մայիսի 18-ի նիստում առանց առանձնակի ուշադրության արժանացնելու հավանություն տվեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը հետագայում բազում անցանկալի հետևանքների տեղիք է տալու: Կառավարության հաստատած փոփոխությունները վերաբերում են սեփականության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են կամ առաջիկայում կկորցնեն ՀՀ քաղաքացիությունը: Համաձայն նախագծերի՝ այդ քաղաքացիները պարտավոր են 1 տարվա ընթացքում օտարել իրենց սեփականաշնորհած գյուղատնտեսական նշանակության հողերը, այլապես դատարանը վճիռ է կայացնում, և կատարվում է հողի հարկադիր վաճառք, ստացված գումարն էլ հանձնում է նախկին սեփականատիրոջը: Փաստենք, որ նախագծում օտարման մեխանիզմների հետ կապված բազում բացեր կան, որոնց անդրադարձել են նաև պետական գերատեսչությունների մասնագետները: Կան նաև ավելի լուրջ «բացթողումներ», որոնցից մեկի առնչությամբ առողջապահության նախարարությունը զգուշացրել է. «Կարծում ենք, որ վերոնշյալ փոփոխությունը կարող է հակասել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ փոփոխված 11-րդ արձանագրությամբ» 1-ին հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով նախատեսված հիմնարար սկզբունքներին»: Համաձայն վերջին Սահմանադրության՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն օգտվում հողի սեփականության իրավունքից, և վերոնշյալ փոփոխությունը առաջին հերթին միտված է գործող օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Թերևս սա է փոփոխությունների հիմնական նպատակը: Բայց հանրապետության վարչապետը բազմիցս է անդրադարձել չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ բերելուն, և այս քայլով փորձ է արվում, թեկուզև մասնակի, միանգամից երկու հարց լուծել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր