211652_close_icon
views-count3925 դիտում article-date 15:50 23-05-2017

Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվությունը կապված թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ. Ռուբեն Սաֆրաստյան

Տարածաշրջանային վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիան փորձում է իր քաղաքական ակտիվությունը մեծացնել Հարավային Կովկասում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Հունիսին և սեպտեմբերին տեղի կունենան Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի համատեղ զորավարժություններ: Այս եռակողմ ձևաչափը մտահոգություն է առաջացնում, որովհետև համագործակցությունը այս երեք երկրների միջև արդեն դուրս է եկել տնտեսական համագործակցությունից և հասել է քաղաքական, նույնիսկ ռազմական ոլորտներ»,- նշեց Սաֆրաստյանը: Արևելագետը տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունը կապում է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ: Նրա կարծիքով՝ Թուրքիան, ակտիվացնելով իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում, փորձում է իր արժեքը մեծացնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին, արևելագետը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսում են ավելի օբյեկտիվ գնահատել իրավիճակը: Մասնավորապես, մայիսի18-ի հայտարարության մեջ հստակ շեշտվում է, որ վերջին միջադեպի նախահարձակն Ադրբեջանն է եղել: «Սա նոր միտում է, նոր երևույթ: Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունը ամեն ինչ պետք է անի, որ սա պահպանվի և ավելի խորանա»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նմանատիպ նյութեր