211652_close_icon
views-count20353 դիտում article-date 18:28 21-05-2017

Կուրսանտներն ուսանողների և վետերանների հետ միասին այցելեցին Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության կողմից իրականացվող «Դուք մենակ չեք (Մենք ձեզ հետ ենք)» խորագիրը կրող ծրագրի 1-ամյա շրջափուլը մոտեցավ իր ավարտին: Բարեգործական նախաձեռնության նպատակը ապրիլյան պատերազմի ժամանակ Հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների ընտանիքներին հոգեբանական աջակցության ցուցաբերումն էր և զինվորների ընտանիքների ու Զինված ուժերի միջև եղած կապի ամրապնդումը: Նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների առաջին կուրսերի կուրսանտները և ՂՊՎՄ ազատամարտիկները պարբերաբար այցելում էին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 101 զինծառայողների ընտանիքներին: Ծանոթացան, ընկերացան, սփոփեցին և փորձեցին որոշակիորեն աջակցել զոհվածների հարազատներին: Այս բարեգործական նախաձեռնության մասնակցությունը, մեր ապագա սպաների համար հերոս նահատակների ընտանիքների կողքին լինելու և նրանց սխրանքներից արիության դասեր քաղելու առիթ էր: Մայիսի 18-ին մեկնարկեց Մայիսյան հաղթանակներին նվիրված շրջայցերի վերջին փուլը, որն ինչպես միշտ նվիրված էր ՀՀ Վայոց-Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախ աշխարհի հեռու և մոտիկ բնակավայրերում բնակվող Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների ընտանիքներին: Մայիսի 18-ի առավոտյան, ՂՊՎՄ «Դուք մենակ չեք» ծրագրի համակարգող Վրեժ Եղիազարյանի գլխավորությամբ, ՂՊՎ պատվիրակությունը ռազմական ԲՈՒՀ-էրի կուրսանտների հետ միասին Երևանից ուղևորվեց Վայոց-Ձոր և Սյունիք, որտեղ նրանց դիմավորեցին ՂՊՎ տարածքային կառույցների անդամ ազատամարտիկները: Երեկոյան նրանք արդեն Արցախում էին, որտեղ նրանց էին սպասում «Դուք մենակ չեք» ծրագրի Արցախյան տարածաշրջանի համակարգող Ռոման Բալայանն ու տեղացի ազատամարտիկները: Մայիսի 18-ին և 19-ին, Կուրսանտներն ազատամարտիկների հետ միասին այցելեցին Հադրութում բնակվող ընտանիքներին, ինչպես նաև եղան Հադրութի շրջանի Տող և Թաղասեր համայնքների միջնակարգ դպրոցներում և հանդիպեցին դպրոցականների հետ: Մայիսի 19-ի կեսօրին, Ստեփանակերտում նրանց դիմավորեցին նաև Արցախի ԲՈՒՀ-երի ուսանողները, ովքեր նույնպես ցանկություն էին հայտնել, այցելելու Ապրիլան պատերազմում զոհված, 23 արցախաբնակ հերոսների ընտանիքներին: Կուրսանտներն ուսանողների և վետերանների հետ միասին, այցելեցին Շուշի, Ստեփանակերտ քաղաքներում և հարևան բնակավայրերում բնակվող, հերոսների ընտանիքներին, այնուհետև այցելեցին նաև Հայրենական պատերազմում զոհված Արցախցի հերոսների պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Արշարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի առաջ: Մայիսի 20-ին Վետերաններն ու կուրսանտներն այցելեցին նաև Արցախի հեռավոր շրջաններում բնակվող ընտանիքներին և վերադարձան Երևան: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր