211652_close_icon
views-count7506 դիտում article-date 22:03 20-05-2017

Արցախի Հանրապետությունում 2016թ. պետական բյուջեի կատարողականը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիսի 20-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը: 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ինչպես նաև դատական, դատախազության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղծառայության ոլորտների պատասխանատուները: Նախագահի աշխատակազմի 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելով՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը ընդգծել է, որ աշխատակազմի պահպանման ծախսերը հոգալու համար պետական բյուջեից հատկացվել է 446մլն 614հազ դրամ, կատարողականը՝ 368մլն 981հազ դրամ կամ նախատեսվածի 83%-ը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ պետական բյուջեից աշխատակազմին հատկացված գումարը կազմել է 530մլն 579հազ դրամ, կատարողականը՝ 520մլն 818հազ դրամ կամ նախատեսվածի 98,2%-ը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ 2016թ.-ին աշխատակազմի պահպանման ծախսերի և ծրագրերի իրականացման համար հատկացվել է 857մլն 682հազ դրամ, կատարողականը՝ 801մլն 279հազ դրամ կամ նախատեսվածի 93,4%-ը: Արդարադատության նախարարությանը, ըստ նախարար Արարատ Դանիելյանի հաշվետվության, պետական բյուջեից հատկացվել է 335մլն 366հազ դրամ, կատարողականը՝ 326մլն 631հազ դրամ կամ նախատեսվածի 97,7%-ը: Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի ներկայացմամբ՝ դատական համակարգին 2016թ.-ի բյուջեից հատկացվել է 545մլն 917հազ դրամ, փաստացի ծախսը՝ 510 մլն 697հազ դրամ կամ նախատեսվածի 93,5%-ը: Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից դատախազությանը հատկացվել է 494մլն 499հազ դրամ, կատարողականը՝ 474մլն 475հազ դրամ կամ նախատեսվածի 96%-ը: Հաշվետու տարվա ընթացքում, վերահսկիչ պալատի պահպանման ծախսը հոգալու համար, պետական բյուջեից հատկացվել է 134մլն 103հազ դրամ, որի կատարողականը, համաձայն վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի հաշվետվության, կազմել է 125մլն 158հազ դրամ կամ նախատեսվածի 94,3%-ը: Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի նեկայացմամբ 2016թ.-ին պետական բյուջեից գրասենյակին հատկացված գումարը կազմել է 41մլն 287հազ դրամ, կատարողականը՝ 38մլն 603հազ. դրամ կամ նախատեսվածի 93,5%-ը: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի հաշվետվության համաձայն 2016թ.-ին խորհրդին է հատկացվել 96մլն 693հազ դրամ, կատարողականը՝ 95մլն 358հազ դրամ կամ նախատեսվածի 98.6%-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի հաշվետվությամբ 2016թ.-ին հանձնաժողովի պահպանման և միջոցառումների նախահաշիվը կազմել է 38մլն 166հազ դրամ, կատարողականը՝ 38մլն 117հազ դրամ կամ նախատեսվածի 99.8%-ը: Պատգամավորները հարցեր են առաջադրել և ստացել պարզաբանումներ: 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները մայիսի 22-ից քննարկվելու են խմբակցություններում:

Նմանատիպ նյութեր