211652_close_icon
views-count7537 դիտում article-date 21:11 20-05-2017

Լեհաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց Վարշավայում կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովին

Մայիսի 17-ից 18-ը Վարշավայում տեղի ունեցավ Լեհաստանի Հանրապետության Սեյմի և Սենատի կողմից համատեղ կազմակերպված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողով, որին 24 երկրների պատվիրակությունների թվում մասնակցեց նաև Հայաստանը: ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը: Մայիսի 17-ին համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան: Մայիսի 18-ին մեկնարկեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովը` ԼՀ Սեյմի և Սենատի նախագահների նախագահությամբ: Համաժողովի աշխատանքները կազմակերպված էին չորս հիմնական թեմաների շրջանակներում, որոնց ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև ընդհանուր արժեքային համակարգի վրա հիմնված փոխգործակցությանն ու պետությունների ինքնիշխանության և անկախության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթ ունեցավ նաև դեսպան Էդգար Ղազարյանն, ով, անդրադառնալով Եվրոպայում անվտանգության և խոսքի ազատության ապահովման խնդիրներին, մասնավորապես, նշեց, որ բռնապետական ռեժիմների ներկայացուցիչները, երբ հայտնվում են ժամանակակից եվրոպական հասարակության մեջ, ցանկանում են վայելել խոսքի ազատությունը: Էդգար Ղազարյանի խոսքով տեղեկատվության աղբյուրը չի կարող լինել քաղաքական քարոզչությունը: Դեսպանը հավելեց նաև, որ Եվրոպական մայրաքաղաքներում, այդ թվում՝ Վարշավայում, Երևանում, Ստեփանակերտում և այլն, կարելի է ազատ խոսել, որի համար ոչ ոք չի կալանավորվում և բանտում չի հայտնվում:

Նմանատիպ նյութեր