211652_close_icon
views-count3248 դիտում article-date 17:51 19-05-2017

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 3600 եվրո վճարել «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել է Ռոբերտ Նիկողոսյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին: Նշվում է, որ հայցվորը եղել է Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից: 2009 թվականին նա ազատվել է աշխատանքից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել և աշխատանքից ազատման որոշումն անվավեր ճանաչել, ինչպես նաև հրահանգել վերականգնել նրան նախկին պաշտոնում և փոխհատուցում տրամադրել: Հայցվորը ՄԻԵԴ-ում մասնավորապես բողոքել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել դատարանի վերջնական վճիռը կյանքի կոչելու համար, քանի որ նա չի վերականգնվել իր նախկին պաշտոնին, իսկ իր հարկադիր բացակայության համար սահմանված փոխհատուցման մի մասը մնում է չվճարված: Նա մասնավորապես պահանջում էր համապատասխան փոխհատուցում: Եվրոպական դատարանը վճռում նշել է, որ 2009 թվականի օգոստոսի 11-ի դատավճիռը, որը բարենպաստ էր հայցվորի համար, հինգ տարի չի կիրառվել, իսկ իշխանությունները չեն պատճառաբանել այդ հետաձգումը: Դատարանը, հետևաբար, գտել է, որ Հայաստանի իշխանությունները, չկարողանալով ձեռնարկել անհրաժեշտ միջոցները վճիռն իրագործելու համար, խախտել են կոնվենցիայի հոդվածները: ՄԻԵԴ-ը Հայաստանի պետությանը պարտավորեցրել է վճարել 3.600 եվրո, գումարած հարկերը:

Նմանատիպ նյութեր