211652_close_icon
views-count27757 դիտում article-date 09:47 19-05-2017

Աշակերտների այցը Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 17-ին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 195 դպրոցի 8-րդ դասարանցիները այցելեցին Ճանապարհային ոստիկանություն։ Նրանց դիմավորեց Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Աշակերտներին ներկայացվեցին Ճանապարհային ոստիկանության կառուցվածքն ու գործառույթները, ենթակա ստորաբաժանումներն ու ծառայողների առօրյան, խոսեցին ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու և դրանց հետևանքով վթարների ու վրաերթերի կանխարգելման մասին։ Այս առումով բանախոսները կարևորեցին դեռ դպրոցական տարիքից ճանապարհային երթեկության կանոնների իմացությունը։ Ճանապարհային ոստիկանության պետը հետաքրքրվեց աշակերտների մասնագիտական կողմնորոշումներով և հետագա ծրագրերով, իսկ հանդիպման ավարտին նրանց նվիրեց ճանապարհային երթևեկության կանոնների մասին գրքեր ու հանրամատչելի գրքույկներ: Դպրոցականների հաջորդ կանգառը խախտումների արձանագրման կենտրոնն էր, որտեղ ծանոթացան հանրապետությունում տեսախցիկներով և արագաչափ սարքերով արձանագրվող խախտումներին և դրանց փաստով վարորդներին ուղարկվող նախազգուշացումներին ու վարչական իրավախախտման արձանագրություններին: Այստեղից աշակերտները ուղևորվեցին Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Խաչատուր Սամվելյանի ուղեկցությամբ, ով էլ մանրամասն ներկայացրեց այն, թե մեքենաները ինչ դեպքերում կարող են տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։ Դպրոցականների համար հատկապես տպավորիչ էր վրաերթի, արագության գերազանցման ու ալկոհոլի ազդեցության տակ տեղի ունեցած վթարների մասնակից մեքենաների՝ մետաղային ջարդոնի վերածված տեսքը։ Աշակերտներին ցուցադրվեցին Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլետներն ու ամենօրյա ծառայություն իրականացնող, նոր տեխնիկայով վերազինված մեքենաները։ Մյուս կանգառը Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում էր։ Ոստիկանության փոխգնդապետ Արտաշես Պետրոսյանը դպրոցականներին պատմեց վարորդական վկայականի ու ավտոմեքենայի համարանիշներ ստանալու, մեքենաների գրանցման կարգերի մասին, ինչից հետո միասին շրջեցին ստորաբաժանման տարածքում։ Հագեցած օրվա ավարտին միջոցառման կազմակերպիչներն ու աշակերտները Հանրապետության հրապարակում վարորդներին բաժանեցին ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մասին գրքույկներ, որը օրեր առաջ մայրաքաղաքում 51 դպրոցներում տեղի ունեցած ճանապարհային երթևեկության մասին դասընթացների շարունակությունն էր: Այն աշակերտներին հնարավորություն տվեց տեսնել ու մասնակիցը լինել Ճանապարհային ոստիկանության կարևերագույն ստորաբաժանումների աշխատանքներին: Աշակերտներին ճանապարհային երթևեկության գիտելիքներով զինելը ոստիկանության կարևորագույն խնդիրներից է, ուստի այս ուղությամբ միջոցառումները շարունակական են լինելու։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 320+
320+

Նմանատիպ նյութեր