211652_close_icon
views-count7807 դիտում article-date 23:29 18-05-2017

Վաղը Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Աուդիովիզուալ գիդ» 10 լեզուներով հավելվածի շնորհանդեսը

Վաղը՝ մայիսի 19-ին, ժամը 13։00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Աուդիովիզուալ գիդ» հավելվածի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և փոխնախագահ Լևոն Գալստյանը։ Տեղեկացնենք, որ մայիսի 20-ից սմարթֆոններում ներբեռնելով «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով հնարավոր կլինի ճամփորդել Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում: Ծրագրային հավելվածն այս տարվա ընթացքում կներդրվի Հայաստանի պետական ևս 4 թանգարաններում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարաններում։ Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 23-ին «Աուդիովիզուալ գիդ» ծրագրային հավելվածի ստեղծման դրամաշնորհի պայմանագիր է ստորագրվել ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Հայաստանի պատմության թանգարանի և Technology & Science Dynamics ընկերության միջև: Ըստ այդմ, Հայաստանում Չինաստանի դեսպանատունը 25 հազար դոլարին համարժեք դրամաշնորհ է հատկացնում հավելվածի ստեղծման համար։ Ծրագիրն իրականացնում է Technology & Science Dynamics ընկերությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

Նմանատիպ նյութեր