211652_close_icon
views-count3966 դիտում article-date 16:12 18-05-2017

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կհոգա ըմբշամարտի ֆեդերացիայի ֆինանսական խնդիրները

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված կազմով նիստ: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին` Սամվել Կարապետյանի հրաժարական տալուց հետո, ֆեդերացիայի աշխատաքները կհամակարգի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա խոսքով, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, այսուհետ, ֆեդերացիայի ֆինանսավորումը եւ կազմակերպչական աշխատանքները կլինեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության կենտրոնում: ՀԱՕԿ-ի նախագահը կհոգա, որ ֆեդերացիան շարունակի իր բնականոն աշխատանքը, հավաքականներն անցկացնեն կանոնավոր ուսումնամարզական հավաքներ եւ մասնակցեն միջազգային մրցաշարերին, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Հրաչյա Ռոստոմյանը եւ ներկաները շնորհակալություն հայտնեցին ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանին՝ անցած ութ տարիների ընթացքում ֆեդերացիային ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար. «Ըմբշամարտը մեր հենակետային մարզաձեւերից մեկն է եւ ՀԱՕԿ-ը մենակ չի թողնի ըմբշամարտի ֆեդերացիային: Հարգելի´ մարզիչներ, մենք ձեզ աջակցելու ենք ֆինանսապես եւ մասնագիտական հարցերին չենք խառնվելու: Այդ հարցում պատասխանատվությունը կրելու եք դուք, ըմբշամարտի ներկան եւ ապագան դուք եք կերտելու: ՀԱՕԿ-ը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պետք է աշխատեն մեկ օրգանիզմի նման: Նոր ուժով առաջ ենք շարժվելու եւ ունենալու ենք նոր հաղթանակներ»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը: Նիստի ընթացքում որոշվեց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ժամանակավոր կգլխավորի Հրաչյա Ռոստոմյանը, իսկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Արայիկ Բաղդատյանը: Ֆեդերացիայի փոխնախագահին կընտրեն հաջորդ նիստի ընթացքում: Ելույթ ունեցավ նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը. «Այս տարիների ընթացքում Սամվել Կարապետյանը մեծապես աջակցել է մեզ, ինչի համար շատ շնորհակալ ենք: Պետք է նշել, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես աջակցել է մեզ այս ընթացքում` կազմակերպելով ուսումնամարզական հավաքներ, միջազգային մրցաշարերի մասնակցություն եւ շնորհել բարձր պարգեւներ: Ուրախալի է, որ մեր մարզաձեւը չի մնա բարձիթողի վիճակում եւ տարիների աշխատանքը ջուրը չի ընկնի: Շնորհակալ ենք, որ ՀԱՕԿ-ը կազմակերպում է այս աշխատանքները: Եւս մեկ անգամ ապացուցվում է, որ Գագիկ Ծառուկյանը սպորտի, մարզիկների ու մարզիչների կողքին է»,-նշեց նա:

Նմանատիպ նյութեր