211652_close_icon
views-count3579 դիտում article-date 19:13 16-05-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցության` քննարկելու գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրերը, որոնք նախատեսվում է ընդգրկվել ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում: Խոհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներկայացված ծրագրերի ակնկալվող արդյունքային ցուցանիշները, ֆինանսական գնահատականները, նախանշվել են կատարման ժամկետները: Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին իրականացնել մի շարք նոր սուբսիդավորման ծրագրեր, ըստ որի մատչելի պայմաններով վարկային միջոցներ կտրամադրվեն կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, մթերման գործընթացի կանոնակարգման, ինտենսիվ այգիների զարգացման նպատակով: Նշված ծրագրերը նպատակուղղված են բերքատվության ավելացմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, ծախսերի կրճատմանն ու գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը: Հանրապետության գյուղտեխնիկայի պարկի թարմացման և վերազինման նպատակով կշարունակվի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, ինչպես նաև կստեղծվի գյուղտեխնիկայի կայան` բարձրարժեք տեխնիկայով ծառայություններ մատուցելու համար: Կիրականացվի ծրագիր «Գյումրիի սելեկցիոն կայանի» և «Երկրագործության գիտական կենտրոնի» հիմքի վրա հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաև մասնավոր հատվածում կարտոֆիլի առաջնային սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով, ինչը կնպաստի ինքնարժեքի նվազմանը` փոխարինելով ներմուծումը տեղական արտադրանքով: Պետական ֆինանսավորումը նախատեսվում է ուղղել նաև կոոպերատիվների զարգացման, խորհրդատվական համակարգի կատարելագործման, անտառների կառավարման և այլ ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցության ընթացքում պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ և ցուցումներ առանձին հարցերին առնչվող լրամշակումներ կատարելու վերաբերյալ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր