211652_close_icon
views-count4628 դիտում article-date 16:51 05-05-2017

Վարչապետն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսական համագործակցության, գործարար կապերի հետագա զարգացումը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ՝ ավելացնելով, որ բուլղարական կապիտալը հնարավորություն ունի ներգրավվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև տրանսպորտի ոլորտում, մասնավորապես Սև ծով-Պարսից ծոց միջազգային տրանսպորտային միջանցքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների առումով: Վարչապետը խնդրել է իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցել Բուլղարիայի նորընտիր վարչապետ Բոյկո Բորիսովին: Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան նշել է, որ Բուլղարիան ևս կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և ավելացրել, որ դրա համար լավ հիմք են երկկողմ բազմադարյա բարեկամական կապերը: Ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ նա անհրաժեշտ է համարել տարբեր բիզնես ֆորումների, գործարար կապերի խթանման, ներդրումային նոր ծրագրերի իրականացման միջոցով առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: Տիկին դեսպանը հավելել է նաև, որ Բուլղարիան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում, գյուղատնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումների ուղղությամբ: Զրուցակիցները հայ և բուլղար ժողովուրդների շփումների ամրապնդման կարևոր հիմնաքարերից են համարել կրթամշակութային համագործակցությունը, մասնավորապես, մշակութային օրերի անցկացման և կրթական փոխանակման ծրագրերի միջոցով:

Նմանատիպ նյութեր