211652_close_icon
views-count3097 դիտում article-date 20:35 02-05-2017

Հայ-իրանական մաքսային համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա

Ապրիլի 27-ից 29-ն աշխատանքային այցով Թեհրանում է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից։ Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համապատասխան մարմինների միջև համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ կապված հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ այն կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը: Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորել է երկու երկրների կողմից Պարսից ծոց -Սև ծով տրանսպորտային միջանցքի օգտագործումը, ինչի մասին նշված ՀՀ և ԻԻՀ նախագահների 2016 թ. դեկտեմբերի 21-ին Երևանում ընդունած համատեղ հայտարարությունում: Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել, որ իրանական կողմը ձեռնամուխ է եղել հայկական համարանիշներով ավտոմեքենաների Իրան մուտքի համար վճարների հետ կապված խնդիրների լուծմանը և հույս է հայտնել, որ շուտով այն կկարգավորվի: Հանդիպման ավարտից հետո Վարդան Հարությունյանն ու Մասուդ Քարբասիանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը:

Նմանատիպ նյութեր