211652_close_icon
views-count21610 դիտում article-date 23:31 30-04-2017

Սպանեք ինձ, քանի որ չեմ փոխվելու. Մարքիզ դը Սադի կյանքն ու գործերը

Ֆրանսիացի ազնվական, քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող, հեղափոխական Դոնաթիեն Ալֆոնս Ֆրանսուա դը Սադը կյանքի 32 տարին, անցկացրել է բանտերում և բանտային հոգեբուժարանում: Բանտարկության 11 տարիներն անցկացրել է Փարիզում (որոնցից 10-ը՝ Բաստիլում), իսկ Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ ընտրվել է Ազգային Կոնվենտի (խորհրդարան) պատգամավոր: Նրա ստեղծագործություններից շատերը գրվել են բանտում: Նրա գաղափարները մեծ ազդեցություն են թողել եվրոպական մշակույթի վրա: Դոնաթիեն Ալֆոնս Ֆրանսուա դը Սադը ընտանիքի միակ ողջ մնացած երեխան էր: Նա չորս տարեկան էր, երբ հայրը՝ կոմս Ժան-Բատիստ Ժոզեֆ Ֆրանսուա դը Սադը, նշանակվում է դեսպան Ռուսաստանում, իսկ մայրը՝ Մարի-Էլեոնոր դը Մարի-Բրեզե դը Քարմանը, որը արքայադստեր շքախմբից էր, որդուն բերում է արքունիք: Մի անգամ երեխա դը Սադը խաղի ժամանակ ծեծում է արքայազնին, որից հետո երախային վտարում են արքունիքից: Նա պատանեկությունն անցկացնում է Պրովանսում՝ հորեղբոր աբբա դը Սադի խնամքի տակ: 14 տարեկանում Սադն սկսում է հաճախել էլիտար ռազմական ակադեմիա, այնուհետև մասնակցում Յոթնամյա պատերազմին։ 15 տարեկանում խիզախության համար ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, 17 տարեկանում՝ կորնետի, 19-ում հեծելազորային գնդի կապիտանի կոչում: Ծառայությունից վերադառնալով տուն՝ 23-ամյա դը Սադը 1763թ. մայիսին թագավոր Լյուդովիկոս XV-ի օրհնությամբ կնության է առնում Ռենե-Պելագի դը Մոնտրոյին, ումից երկու որդի և մեկ դուստր է ունենում։ [img]http://shamshyan.com/ups/images/0760732001493547876889993.jpg[/img] [i]Մարքիզ դը Սադն ու իր կինը՝ Ռենե-Պելագի դը Մոնտրոն[/i] Դը Սադն առաջին անգամ դատապարտվում է 1763-ի հոկտեմբերի 29-ին՝ հասարակաց տանը ծեծկռտուք սարքելու մեղադրանքով, ստանում 15-օրյա կալանք և բանտարկվում Վենսենյան ամրոցի աշտարակում: Մեկ տարի անց՝ 24-ամյա դը Սադը ժառանգում է հոր տիտղոսները, կալվածքները, հարստությունն ու ունեցվածքը: 28 տարեկանում նա կրկին ձերբակալվում է բռնաբարության մեղադրանքով և բանտարկվում Սոմյուր ամրոցում: Այնուհետև նրան տեղափոխում են Փարիզ, իսկ մի քանի ամիս անց թագավորի կարգադրությամբ նրա բանտարկությունը փոխարինվում է տնային կալանքով և 100 լուիդոր տուգանքով (լուիդոր-ֆրանսիական ոսկեդրամ, հարգը՝ 917, մեկ լուիդորի կշիռը՝ 6,751 գրամ): Դը Սադը 1768թ-ից հարկադրաբար փակվում իր դղյակներից մեկում: 2 տարի անց նա կրկին անցնում է զինվորական ծառայության, ստանալով մայորի, իսկ 1771-ին՝ հեծելազորի գնդապետի կոչում: [img]http://shamshyan.com/ups/images/0315733001493547890360156.jpg[/img] [i]Դը Սադի «Լակոստե» ամրոցը[/i] 1772թ հունվարի 6-ին չորս կուրտիզանուհիներ ոստիկանություն են դիմում, թե դը Սադը և նրա սպասավոր Լատուրը իրենց անպարկեշտ սեռական առաջարկություններ են արել, հյուրասիրել են գրգռիչ կոնֆետով: Հունիսի 27-ին քրեական գործ է հարուցվում այդ բողոքների հիման վրա: Հուլիսի 4-ին դը Սադին ու նրա ծառային կալանավորելու որոշում է ընդունվում: Դը Սադի դղյակում խուզարկություն է կատարվում, սակայն ոչինչ չի հայտնաբերվում: Դրանից հետո դը Սադն ու նրա ծառան փախուստի են դիմում: Քննությունը շարունակվում է և սեպտեմբերի 3-ին Մարսելի դատախազը պահանջում է գլխատել դը Սադին, իսկ նրա ծառային կախաղան բարձրացնել: Սեպտեմբերի 11-ին դատարանն ընդունում է համապատասխան վճիռ: Դեկտեմբերին դը Սադն ու նրա ծառան ձերբակալվում են, սակայն 4 ամիս անց փախչում բերդից: 1776-ին նա վերադառնում է իր Լակոստ ամրոցը: 1778-ին թագավորը թույլատրում է դը Սադին բողոքարկել 1772-ի սեպտեմբերի 11-ի վճիռը: Եվ Պրովանսի խորհրդարանը դը Սադի մահապատիժը փոխարինում է 15-ամյա ազատազրկման, որը պիտի կրեր Վենսանսի բերդում: [img]http://shamshyan.com/ups/images/0454465001493547902524767.jpg[/img] [i]Վենսանսի բերդը[/i] Երկու շաբաթ անց, դը Սադը բերդ տանող ճանապարհից փախչում է, սակայն մի քանի շաբաթ անց կրկին ձերբակալվում է և բանտարկվում: 1782-ին դը Սադին տեղափոխում են Բաստիլ, որտեղ նա գրում է բազմաթիվ գրական, հրապարակախոսական և փիլիսոփայական ստեղծագործություններ: 1789-ի ապրիլի 27-ին Ֆրանսիայում սկսվում են զանգվածային ցույցերը: Բանտի ղեկավարությունը խստացնում է հսկողությունը: Հուլիսի 2-ին երբ ցուրցարաների երթն անցնում էր Բաստիլի մոտով, դը Սադը իր բանտախցի ճաղավանդակից հեղափոխական ելույթ է ունենում, ինչպես նաև ասում է, որ բանտում խոշտանգում են կալանավորներին և կոչ է անում ցուցարարներին գրոհել Բաստիլը: Այնուհետև նա իր բանտախցում այրում է բարձն ու բողոքի ցույցի կոչ անում: Դրանից երկու օր անց հուլիսի 4-ին նրան որակում են հոգեկան հիվանդ և տեղափոխում Շարանտոն բանտային հոգեբուժարան: Հուլիսի 14-ին ցուցարարները գրավում են Բաստիլը և սկսվում է Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը: Բաստիլի գրավման ժամանակ դը Սադի խուցը թալանվում է, նրա ձեռագրերը կորում են: [img]http://shamshyan.com/ups/images/038773800149354972368302.jpg[/img] [i]Բաստիլի գրավումը[/i] Դը Սադը Շարանտոն հիվանդանոցից ազատ է արձակվում 1790-ի ապրիլի 2-ին: Ազգային ասամբլեայի որոշմամբ՝ նրան վերագրված բոլոր մեղադրանքները որակվում են անհիմն և հանվում: Հաջորդ օրը նրա կինն ապահարզան է տալիս: Դը Սադն ամուսնալուծվում է և հանդիպում նախկին դերասանուհի Մարի-Կոնստանս Քուիզնեթին, որը լքված էր ամուսնու կողմից: Նրանք մնացյալ կյանքը միասին են անցկացնում: Հուլիսի 1-ից դը Սադը ներգրավվում է քաղաքականության մեջ: Սկզբում աջակցում է հանրապետականներին, կոչում իրեն «քաղաքացի Լուի Սադ», զբաղեցնում քաղաքական պաշտոններ՝ չնայած իր ազնվական ծագմանը: 1792-ին նշանակվում է Առողջապահության նախարար: [img]http://shamshyan.com/ups/images/0105743001493547935841822.jpg[/img] [i]Ֆրանսիական Մեծ Հեղափոխությունը (Դելակրուա) և Ազգային Կոնվենտը[/i] 1793-ին Ֆրանսիայում Յակոբինյան դիկտատուրա է հաստատվում: Ազգային Կոնվենտում դը Սադը ներկայացնում է ծայրահեղ ձախերին, դեմ է արտահայտվում Յակոբինյան տեռորին («Կրքի ազդեցության տակ մարդուն սպանելը ինչ-որ առումով հասկանալի է, սակայն օրենքով կամ քաղաքական դրդապատճառներով մարդուն սպանելն աններելի հանցագործություն է»,- ասում էր դը Սադը): Նա առաջինն էր, որ Յակոբինյան դիկտատուրայի առաջնորդ Մաքսիմիլիան Ռոբեսպիեռի դեմ հրապարակային քննադատական ելույթ ունեցավ (դեկտեմբերի 5-ին), ինչից հետո հեռացվեց պաշտոնից՝ մոդերատիզմի մեղադրանքով, իսկ դեկտեմբերի 8-ին ազատազրկման դատապարտվեց: (Մոդերատիզմը շարժում էր, որը կոչ էր անում դադարեցնել հանուն հեղափոխության մահապատիժները: Յակոբինյան դիկտատուրայի ժամանակ՝ մեկ տարվա ընթացքում գիլյոտինով մահապատժի է ենթարկվել 1500 մարդ): [img]http://shamshyan.com/ups/images/0450669001493551404126185.jpg[/img] Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը և նրա մահապատիժը գիլյոտինով Մի քանի ամիս անց, 1794-ի հուլիսի 27-ին Յակոբինյան դիկտատուրան տապալվում է և Ռոբեսպիեռը մահապատժի է ենթարկվում հուլիսի 28-ին (հեղափոխական օրացույցով՝ թերմիդորի 9-ին): Ռոբեսպիեռի դեմ հեղաշրջումը կազմակերպել էին մոդերադիստները: Դը Սադն ազատ է արձակվում հոկտեմբերի 15-ին: Մնացած կյանքն անցկացնում է աղքատության մեջ (նրա ամբողջ կալվածքներն ու հարստությունը բռնագրավվել էին), թատրոնում սցենարներ գրելով, վաստակելով օրական 40 սու, ինչը բավարար էր միայն սննդի համար: 1799-ին նա որպես նախկին ազնվական հալածանքների է ենթարկվում: 1780-ին քաղաքացիություն է ստանում, սակայն 1801-ին Նապոլեոն Բոնապարտը հրամայում է ձերբակալել «Ժյուստին» և «Ժուլիետ» ստեղծագործությունների անանուն հեղինակին: Դը Սադը ձերբակալվում է իր հրատարակչական գրասենյակում և բանտարկվում Սենտ-Պելաժի բանտում առանց դատավարության: 1803-ին բանտի կալանավորներին այլասերելու մեղադրանքով տեղափոխվում է բանտային հոգեբուժարան՝ Շարանտոն: Որոշ ժամանակ անց ազատ է արձակվում, սակայն քիչ անց կրկին ձերբակալվում և հարկադիր բուժման ուղարկվում հոգեբուժարան: 1810-ից մինչև իր մահը՝ 1814-ի դեկտեմբերի 2-ը Դը Սադն անցկացնում է հոգեբուժարանում, որտեղ էլ կնքում է մահկանացուն: Դը Սադը մինչև մահը չի հրաժարվում իր համոզմունքներից, չի փոխում իր աշխարհայացքը: «Սպանեք ինձ, կամ ընդունեք այնպիսին՝ ինչպիսին կամ, քանի որ չեմ փոխվելու»,- հաճախ ասում էր նա: Դը Սադի հուղարկավորությունից հետո նրա գանգը հանվում է գերեզմանից և գաղտնի ոչնչացվում: Հետագայում նրա որդին այրում է հոր բոլոր չհրատարակված ձեռագրերը, այդ թվում՝ հսկայական բազմահատոր աշխատանքը՝ «Ֆլորբելի օրերը»: [img]http://shamshyan.com/ups/images/0375810001493548000885245.jpg[/img] Դը Սադն իր ազատության տարիներին՝ սկսած 1790-ից, անանուն հրատարակում է մի քանի գրքեր, բեմադրում ներկայացումներ: Նրա աշխատությունները ներառում են վեպեր, նովելներ, էսսեներ, պիեսներ, երկխոսություններ, պամֆլետներ, պատմական, փիլիսոփայական և քաղաքական տրակտատներ, որոնց մեծ մասը գրել էր բանտում կամ տնային կալանքի ժամանակ: Նա կարևորում էր բանականության ազատությունը, որը չի կաշկանդվում բարոյականությամբ, կրոնով կամ օրենքով: Ամենաբարձր սկզբունքը համարում էր ինքնասիրական բավականությունը: Կյանքի ընթացքում որոշ ստեղծագործություններ են լույս տեսնում իր անունով: Նրան են վերագրվում կեղծանունով գրված կեղտոտ մի շարք ստեղծագործություններ, որոնց հեղինակ լինելը դը Սադը չի խոստովանում: Թեև այդ գործերի հեղինակի ինքնությունը իրավական առումով մինչ օրս պարզ չէ, այնուամենայնիվ՝ դրանք վերագրում են դը Սադին: Նրա աշխատությունների մեծ մասը ոչնչացվել են Բաստիլի գրավման օրը, մի մասը՝ մահից հետո: Նա լավագույնս հայտնի է իր էրոտիկ գրվածքներով, որտեղ զուգակցում է խոհափիլիսոփայությունն ու պոռնոգրաֆիան, սեռական երևակայությունները, հանցագործությունը և սրբապղծությունը: [img]http://shamshyan.com/ups/images/0813769001493548013732640.jpg[/img] [i]«Ժուլիետ», «Սոդոմի 120 օրը», «Ժյուստին», «Փիլիսոփայությունը ննջասենյակում» գրքերը[/i] Դը Սադի ստեղծագործությունները դասակարգվում են գոթական և բարոկկո ոճերի։ Սակայն նրա ամենահայտնի գրքերը հաճախ դասակարգվում են ոչ որպես գոթական, այլ՝ ազատամիտ, երբեմն՝ պոռնոգրաֆիական: «Ժուլիետ», «Սոդոմի 120 օրը», «Ժյուստին», «Փիլիսոփայությունը բուդուարում» ստեղծագործություններում ազատորեն վիճարկում են սեռականության, կրոնի, օրենքի, տարիքի ավանդական ընկալումները: [img]http://shamshyan.com/ups/images/0956546001493548025161274.jpg[/img] [i]«Ժյուստին» նովելի ձեռագիրը[/i] Դը Սադը ճնշված կրքերն ազատ արձակելու և ազատ արտահայտելու բացահայտ կոչեր էր անում, ինչն անընդունելի էր բարոյական և իրավական նորմերով: «Սոդոմի 120 օրը» գրքում ներկայացված է ամենաանմաքուր պատմությունը, որը երբևէ գրվել է աշխարհի գոյությունից ի վեր: Ի դեպ «Սոդոմի 120 օրը» ձեռագիրը գրվել է զուգարանի 12-20 մետրանոց թղթերի վրա, կորել է Բաստիլի գրավման ժամանակ և գտնվել 20-րդ դարում: Սա հիմք է տալիս կասկածելու, որ այսօր հայտնի «Սոդոմի 120 օրը» դը Սադի գրչին չի պատկանում: «Հերոսական և ողբերգական պատմություններում» դը Սադը համատեղում է սիրավեպն ու սարսափը։ Այնտեղ կան արյուն, դիակներ և անհագ տենչեր։ Իսկ օրինակ՝ «Ժյուստին կամ բարեգործների դժբախտությունը» ստեղծագործության մեջ հեղինակը համեմատաբար մեղմ է, բացահայտ էրոտիզմ ու խոշտանգումներ չկան, և գերակայում են հոգեբանական տեսարանները: «Հոգևորականի և մահացողի զրույցը» նովելը խոհափլիսոփայական երկխոսություն է: Դը Սադի աշխատանքները նրա մահից հետո արգելվել են ծայրահեղականության պատճառով: Բազմաթիվ գրողներ և գիտնականներ անդրադարձել են Սադի ստեղծագործություններին: Առաջին լուրջ անդրադարձը կատարել է նրա ժամանակակից գրող Ռետիֆ դը լա Բրետոնը «Հակա-Ժյուստին» նովելում 1798- ին: [img]http://shamshyan.com/ups/images/0947980001493548038400192.jpg[/img] [i]«Հակա-Ժյուստին», «Մարկիզ դը Սադի հեղափոխական մտքերը»[/i] Դը Սադի նկատմամբ հետաքրքրությունը արթնացել է նրա մահից 20-րդ դարում: Ջեֆրի Գորերը (անգլիացի մարդաբան և գրող) 1935-ին իր ամենավաղ գրքերից մեկում՝ «Մարկիզ դը Սադի հեղափոխական մտքերը» նշում է, որ դը Սադը ժամանակակից փիլիսոփաների հակակերպարն է։ Պիեռ Կլոսովսկին, իր «Իմ հարևան Սադը» գրքում վերլուծում է Սադի փիլիսոփայությունը որպես նիհիլիզմի ավետաբեր: Զիգմունդ Ֆրեյդից 100 տարի առաջ դը Սադը մարդկային բնության հիմնական շարժիչ ուժը համարում էր սեռական մղումները (լիբիդոն): Կինեմատոգրաֆիայում դը Սադի գաղափարների հետևորդ Պիեռ Պաոլո Պազոլինին «Սոդոմի 120 օրը» գրքի մոտիվներով նկարահանել է «Սալո» ֆիլմը, որը հնարավոր չէ դիտել դաժան տեսարանների պատճառով: 2000թ-ին նկարահանված «Մարքիզ դը Սադի փետուրը» ամերիկյան ֆիլմում դը Սադի կերպարը ռոմանտիզացված է: Ֆիլմում նա մեռնում է տառապանքների մեջ: Իրականում դը Սադը մահանում է հոգեբուժարանի հիվանդասենյակում՝ ասթմայի նոպայից: [img]http://shamshyan.com/ups/images/0598127001493548049604114.jpg[/img] [i]Կադրեր «Մարքիզ դը Սադի փետուրը» ֆիլմից[/i] «Մարքիզ դը Սադի փետուրը» ամերիկյան ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 3 օսկարի: Նույն թվականին Ֆրանսիայում նկարահանված «Սադ» ֆիլմը նույնպես մեծ արձագանք է գտնում: Սադի ստեղծագործություներն ու փիլիսոփայությունը շատ ստեղծագործողների քննարկման, քննադատության ու ոգեշնչման առարկա են հանդիսացել, իսկ նրա կյանքն ու արկածները բազմաթիվ պիեսների, ֆիլմերի, երգերի, էրոտիկ օֆորտների, փորագրանկարների մոտիվ: Նրա հեղափոխական մտքերից մի քանիսը չեն կորցրել իրենց արդիականությունը. «Որպեսզի իմանանք, թե ինչ է առաքինությունը, նախ պետք է ծանոթանանք անառակությանը», «Մարմինը եկեղեցի է, որտեղ բնությունը պատկառանք է խնդրում», «Ի՞նչը կարող է լինել ավելի անբարոյական, քան պատերազմը», «Երջանկությունը կատարյալ է. այն երևակայության արդյունքն է» և այլն: [img]http://shamshyan.com/ups/images/0609069001493548067186558.jpg[/img] [i]Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը և նրա «Սեռական փսիխոպաթիա» գիրքը[/i] Այսօր գործածվող «սադիզմ» եզրույթը ներմուծել է գերմանացի հոգեբույժ, նյարդաբան, քրեագետ, սեռաբանության հիմնադիր բարոն Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը 1886-ին «Սեռական փսիխոպաթիա» մենագրության մեջ։ Այդ տերմինով սեքսոլոգը բնութագրում է սեռական հարաբերության ժամանակ ցավ պատճառելուց հաճույք ստանալու մղումը:

Նմանատիպ նյութեր