211652_close_icon
views-count7923 դիտում article-date 23:20 28-04-2017

Երևանի քաղաքապետը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրով նախատեսվում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հիմնել ժամանակակից և ստեղծագործ կրթական նոր միջավայր: Մասնավորապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնախաձեռնի «Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիրը, որի նպատակն է ոչ թվային, անալոգային ուղղությունների զարգացումը, այդ թվում՝ արհեստագործական, լուսանկարչական, նորաձևության, նաև հայկական խոհարարական արվեստի ուղղություններով: Ծրագրին կկարողանան մասնակցել 18-20 տարեկան երիտասարդներ՝ ինչպես անվճար, այնպես էլ մատչելի անդամավճարով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով մայրաքաղաքում երիտասարդների համար կրթական նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորության շրջանակում աջակցել ծրագրերի իրագործմանը: Մարի Լու Փափազյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ կենտրոնի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հարցում աջակցության համար:

Նմանատիպ նյութեր