211652_close_icon
views-count8758 դիտում article-date 22:19 27-04-2017

Մուայ թայի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Մուայ թայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 3-ից 12-ը Մինսկում կայանալիք աշխարհի սիրողական առաջնությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը հայտնեց, որ Հայաստանն ունենալու է չորս ներկայացուցիչ. «Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը ու եւս երկու մարզիկ Արցախից: Նրանք հանդես կգան A եւ B խմբերում: Տղաները շատ լավ պատրաստված են: Այժմ հավաք ենք անցկացնում Ռուսաստանի թիմի հետ միասին: Այս օրերին Գոռ Գեւորգյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանը Բեյրութում մասնակցում է պրոֆեսիոնալ մրցաշարի: Մեծ ակնկալիքներ ունենք Գրիգորյանից»,-ասաց Բրուտյանը: Ալբերտ Ամիրջանյանը Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է: Մինչ այս նա ներկայացրել էր Ռուսաստանը. «Ինձ համար մեծ պատիվ է այժմ ներկայացնել Հայաստանը: Հույս ունեմ` այս տարի աշխարհի չեմպիոն կդառնամ արդեն Հայաստանի դրոշի ներքո»,-նշեց Ամիրջանյանը: Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ճանաչել են մուայ թայը: Սակայն, այն դեռեւս օլիմպիական մարզաձեւ չէ: 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում մուայ թայի մարզիկներն ունենալու են ցուցադրական մրցելույթներ:

Նմանատիպ նյութեր