211652_close_icon
views-count2541 դիտում article-date 15:02 27-04-2017

Կառավարությունը հավանությանն է արժանացել ՎԻՎ նոր օրենսգրքի նախագիծը

Կառավարության հերթական նիստում Գործադիրի հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Օրենսդրության մեջ տեղ գտած լուրջ բացթողումները խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու իրավունքների և ազատությունների և իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխավորվածության, նշված ոլորտում պետական կառավարման, ինչպես նաև վարչական զանցանքների վերաբերյալ գործերով արդարադատության իրականացման արդյունավետության վրա։ Այսպիսով, օրենսգրքի նախագծում արտացոլված են, մասնավորապես, հետևյալ նորամուծությունները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձնահատկություններից ելնելով սկզբունքներն ընդլայնվել են և ներառվել են այնպիսիք, որոնք սահմանված չեն նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Այս նորամուծության արդյունքում վարչարարությունն այս չափազանց բարդ ոլորտում կդառնա առավել կանխատեսելի ու զերծ կպահի այն այնպիսի իրավիճակներից, որոնք հաճախ անորոշ են և չունեն ուղղորդող լուծումներ: Սահմանվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթները: Մասնավորապես, իրավաբանական անձինք սահմանվել են որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ: Սահմանվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ, ինչը բխում է անձանց իրավահավասարության և տնտեսական ազատ մրցակցության սահմանադրական սկզբունքների պահանջներից: Հատուկ վարույթներ, այսինքն՝ առանձնահատուկ կանոններով վարույթներ սահմանվել են միայն այն դեպքում, երբ դրանք թելադրված են եղել վարույթի օբյեկտիվ նախադրյալներով և կարող են նպաստել պատշաճ վարչարարության սահմանադրական սկզբունքի իրացմանը: Վերացվել են քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի կանոնների միջև առկա անհարկի տարբերությունները, ինչը կնպաստի այդ համասեռ վարույթների նկատմամբ միասնականության ապահովմանը: Ընդ որում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կասկածյալների իրավունքների ընդլայնման և պաշտպանության խնդիրներին, որոնց լուծման կարևորագույն գրավական է համարվել պաշտպանի լիազորությունների աննախադեպ ընդլայնումը: Ձերբակալված անձը չի կարող անազատության մեջ պահվել 3 ժամից ավելի: Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: 3 ժամից ավելի տևողությամբ ժամկետով, բայց ոչ ավելի քան 48 ժամը, կարող են ձերբակալվել՝ ոչ սթափ վիճակում գտնվող անձինք՝ մինչև սթափվելը, սահմանային կամ մաքսային ռեժիմը կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք՝ մինչև ինքնությունը պարզելը:

Նմանատիպ նյութեր