211652_close_icon
views-count2439 դիտում article-date 14:41 27-04-2017

Երևանում ընթանում է Թռչնաբույծների միջազգային համաժողովը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր մասնակցել է նախօրեին Երևանում մեկնարկած Թռչնաբույծների միջազգային համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի թռչնաբույծների միության և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի կողմից: Համաժողովի նպատակն է աջակցել թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների միջև սերտ համագործակցության ստեղծմանը և ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների շուրջ փորձի փոխանակմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևը, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, թռչնաբուծական սարքավորումներ, կերային հավելումներ և անասնաբուժական դեղամիջոցների արտադրողներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բուլղարիայից: «Հայաստանում թռչնաբուծությունը վերջին տարիներին աճ է գրանցել, հավկիթի տարեկան արտադրության ծավալը ներկայումս կազմում է 655 մլն, բայց ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, այդ թվում` թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը, և դրանց ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ», - նշել է փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ այժմ հանրապետությունում ծրագրեր են մշակվում անասնաբուծության ոլորտում կերարտադրության զարգացման նպատակով: Տեղեկացնելով, որ համաժողովը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել 2014 թվականին` ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին հույս է հայտնել, որ միջազգային մակարդակի այս միջոցառման կազմակերպումը Հայաստանում կկրի ավանդական բնույթ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են զեկույցներ թռչնաբուծության արդիական խնդիրների, թռչնաբուծական սարքավորումների, թռչունների կերակրման, բուժման ժամանակակից միջոցների և ոլորտին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր