211652_close_icon
views-count1711 դիտում article-date 20:36 25-04-2017

Մայրաքաղաքում տրվել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ: Տեղում, նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցման արդյունքում Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Նշվել է նաև, որ ճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով: «Վերջին տարիներին մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է և, ինչպես գիտեք, այդ ուղղությամբ արդեն մի քանի տարի է, ինչ նպատակային ծրագրեր ենք իրականացնում: Արդեն երեք տարի է, ինչ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փուլ առ փուլ մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագիր ենք կյանքի կոչում, որը կշարունակվի նաև առաջիկա տարիներին և կընդգրկի Երևանի այլ վարչական շրջաններ ևս: Այսօր տվեցինք այդ ծրագրով նախատեսված Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը: Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսում ենք ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի թվով 4՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, ինչը, հաստատ, մեծ ձեռքբերում կլինի Երևանի համար»,- նշել է քաղաքապետը: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ ճանապարհի կառուցման աշխատանքները կկազմակերպվեն այն ելակետով, որ ավարտը լինի նախատեսված ժամկետում՝ 18 ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ արդեն իսկ ավարտվել են Արշակունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու վերակառուցման, լայնացման, ինչպես նաև Նոր Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները՝ ընդհանուր 5 կմ երկարությամբ, որը շահագործման հանձնվեց 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրի արդյունքում Երևանն ունեցավ հարավային պատշաճ մուտք:

Նմանատիպ նյութեր