211652_close_icon
views-count3134 դիտում article-date 10:51 25-04-2017

Եվ ահա մի պահ մեր գլխում ինչ-որ բան «չխկաց». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անցած ապրիլի 24-ի հետ կապված` ես Հայաստանում նկատում եմ դրական փոփոխություններ: Թե պաշտոնական քարոզչության մեջ, թե Եղեռնի հուշարձանի մոտ խոսող մեր քաղաքացիների մեջ և թե ընդհանրապես հասարակության մեջ էապես պակասել են լալկան, խղճահարություն առաջացնող հնչերանգները: Քչացել են հեռուստատեսությամբ ցուցադրվող գանգերը, դիակները, վայրագությունների նկարագրությունները: Օրվա «պաշտոնական» եզրափակումը՝ Համահայկական նվագախմբի համերգով, և այդ համերգի ավարտը Տիգրան Մանսուրյանի «Հաղթանակի պոեմով», ինձ թվում է, նույնպես շատ տրամաբանական էր: Պահանջատեր լինելը շատ լավ է: Եթե դու իսկապես պահանջատեր ես, ոչ թե «խնդրանքատեր» կամ «աղաչանքատեր»: Որովհետև՝ եթե դու խնդրողի դերում ես, ապա անպայման պետք է հանդես գաս նաև խեղճի, ծեծվածի դերում, որին անցյալում ամեն ինչից զրկել են, և հիմա, որպես բացառություն, դու արդարություն ես պաղատում, որ քեզ քո կորցրածի մի փոքրիկ կռճոնը տան: 1965 թվականին մարդիկ դուրս էին եկել փողոց և վանկարկում էին՝ «հո-ղեր»: Ո՞վ պետք է մեզ տար մեր հողերը: Բնականաբար, Մոսկվան: Ենթադրենք, «տվեց». վերցրեց Թուրքիայից Արևմտյան Հայաստանը և «տվեց» մեզ: Ո՞ւմը կլինեն այդ հողերը: Բնականաբար, Մոսկվայինը, ոչ՝ մերը: Ո՞րն է ապա ներկայիս վիճակի հետ տարբերությունը: 1988 թվականին սկզբնական շրջանում ումի՞ց էինք ուզում Արցախը: Բնականաբար, «Լենին-պարտիա-Գորբաչովից»: Դարձյալ ենթադրենք՝ Գորբաչովը դուրս բերեց Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմից և միացրեց Խորհրդային Հայաստանին: Բայց այդ հողը նույնպես մերը չէր լինի… Եվ ահա մի պահ մեր գլխում ինչ-որ բան «չխկաց». ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի տա, եթե մենք ինքներս չվերցնենք: Եվ դա վերաբերում է ոչ միայն հողերին: Հայաստանում մենք դա սկսել ենք հասկանալ, և այս տարվա ապրիլի 24-ը, կրկնեմ, դրա ապացույցն է: Հավանաբար, պիտի դրանում համոզենք նաև Սփյուռքում ապրող մեր եղբայրներին: Մենք չենք կարող ասել նրանց՝ մի՛ պայքարեք Ցեղասպանության ճանաչման, դրա հետևանքների վերացման համար, որովհետև այդ մարդկանց պապերն օտար ափերում են հայտնվել հենց Ցեղասպանության պատճառով: Բայց, հարազատներս, այս կամ այն քաղաքի, նահանգի կամ նույնիսկ երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր նշանակությամբ պակաս կարևոր է, քան որևէ ազդեցիկ անձի (էլ չեմ ասում՝ քաղաքի, նահանգի և այլն) կողմից Արցախին քաղաքական աջակցություն ցույց տալը: Դրա համար գուցե արժե այն հսկայական քաղաքական, կազմակերպչական և նյութական ներուժը, որն օգտագործվում է հույզերի և «բարոյական հաղթանակների» վրա, գոնե կիսով չափ ուղղվի իրականում գոյություն ունեցող Արցախի անվտանգությանն ու ճանաչմանը՝ այդ բառի ամենալայն իմաստով: Ավելի կարևոր Հայ Դատ այսօր գոյություն չունի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր