211652_close_icon
views-count1970 դիտում article-date 13:50 24-04-2017

Լեհաստանի Կիելցե քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի մշակույթին և պատմությանը նվիրված միջոցառումներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ապրիլի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելեց Կիելցե քաղաք, որի Յուզեֆ Շերմենտովսկու անվան գեղարվեստի ուսումնարանում կազմակերպվել էին միջոցառումներ` նվիրված հայերի մշակույթին և պատմությանը: Միջոցառումները մեկնարկեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և ուսումնարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմամբ, որին մասնակցեցին նաև Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, մարշալեկի խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, Կիելցեի հայ համայնքի ղեկավար Վարուժան Չոբանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպմանը դեսպան Ղազարյանը խոսեց Հայաստանի, հայ ժողովրդի պատմության նշանակալի և կարևոր իրադարձությունների, ինչպես նաև հայոց մշակույթի մասին: Հատուկ անդրադարձ կատարեց Լեհաստանի հայ համայնքի պատմությանը` նշելով, որ ավելի քան 650 տարվա ընթացքում հայերը մեծ ներդրում են ունեցել Լեհաստանի պատմության մեջ` տալով այնպիսի երևելի անուններ, ովքեր հանդիսանում են ինչպես լեհ, այնպես էլ հայ ժողովրդի ընդհանուր հպարտությունը: Կիելցե գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկը, շնորհակալություն հայտնելով Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանին հանդիպման և արդյունավետ համագործակցություն համար, նշեց, որ դեսպանության հետ քննարկվել են Հայաստանի հետ հետագա համագործակցության բազմաթիվ ծրագրեր: Ուսումնարանի տնօրենը նաև հայտարարեց, որ 2017-2018 թվականների ուսումնական տարին ամբողջությամբ նվիրվելու է Հայաստանին, նրա պատմությանը և մշակույթին: Այնուհետև, գեղարվեստի ուսումնարանի ճեմասրահում Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ Լեհ-հայկական հիմնադրամի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Իր խոսքում դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, նշեց, որ Հայոց ցեղասպանությունը հանդիսանում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը, և կարևորեց Հայոց ցեղասպանության հարցի շուրջ հատկապես երիտասարդ սերնդի մոտ իրազեկվածության բարձրացումը: Նույն օրը Լեհ-հայկական հիմնադրամի կողմից գեղարվեստի ուսումնարանում կազմակերպվեց հայկական զարդանախշերի և հայերեն տառերի նկարչության բատիկի հատուկ դասընթաց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր