211652_close_icon
views-count8019 դիտում article-date 18:19 23-04-2017

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Բալթյան երկրներում տեղի են ունենալու հիշատակի միջոցառումներ

Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալներ Մայր տաճարում ապրիլի 23-ին, ժ. 18:00-ին Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`պատարագի ընթացքում ելույթ կունենա Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես կգա աղոթքով, կհնչեն հայկական հոգևոր երգեր։ Նույն օրը Կաունասի Սբ Պետրոս և Սբ Պողոս Առաքյալներ Մայր տաճարում և Կաունասի արքեպիսկոպոսարանի տարածքում կբացվի հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտոցուցահանդես՝ շուրջ մեկ ամիս տևողությամբ։ Ապրիլի 24-ին ժ. 16:00-ին Վիլնյուսում՝ «Լիտվայի Ցեղասպանության զոհերի» հուշարձանի մոտ Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմի, հայ համայնքի և Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Միջոցառման նախաձեռնողներն են Լիտվայի հայերի միությունը և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնը: Ապրիլի 26-ին Էստոնիայի Տալլին քաղաքում ժ. 18:00-ին տեղի կունենա ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական Ֆիլմի ցուցադրությունը, որին հրավիրված են Էստոնիայի կառավարության ներկայացուցիչներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագետներ, Էստոնիայի հասարակական-քաղաքական գործիչներ: Միջոցառումը կազմակերպվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության և Էստոնիայի Հայկական Ազգային Միության կողմից:

Նմանատիպ նյութեր