211652_close_icon
views-count11275 դիտում article-date 19:56 22-04-2017

Թալիբները հարձակվել են ռազմակայանի վրա, սպանել 140 աֆղան զինծառայողների

«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում, Մազարի-Շարիֆ քաղաքի ռազմակայանում սպանել են 140 աֆղանցի զինծառայողների, կան տասնյակ վիրավորներ, հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-39675226]BBC[/url] ռուսական ծառայությունը: Աֆղանստանի իշխանությունները տեղեկացնում են, որ ռազմակայանի վրա հարձակման ժամանակ գրոհայինները եղել են կառավարական բանակի համազգեստներով: Սա մարդկային ամենամեծ կորուստներով հարձակումն է: Մազարի-Շարիֆի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվել է 140 զինծառայող, և այդ թիվը կարող է ավելանալ: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինծառայողները ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել ռազմակայանի տարածքում գտնվող մզկիթից: Գրոհայինները գնդակահարել են նաև ճաշարանում գտնվող զինվորականներին: Թալիբներն իրենց հերթին հայտարարել են, որ օգտագործել են նաև մահապարտների: Փոխհրաձգություն է եղել ամբողջ օրվա ընթացքում, և ականատեսների պնդմամբ, զոհերի թիվը կարող է ավելանալ: Թալիբների կորուստներն անհամեմատ քիչ են՝ մոտ 10 գրոհային: ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքի ռազմաբազայում հարձակման հետևանքով հայ խաղաղապահներ չեն տուժել: «Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - հայտնում է Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր