211652_close_icon
views-count49979 դիտում article-date 21:53 21-04-2017

Արդար պահանջատիրությունը շարունակվում է. հարցազրույց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցազրույցը՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ. -[b] Պարո՛ն գեներալ, 2 օրից նշելու ենք 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանության տարելիցը։ Օրն ի՞նչ խորհուրդ ունի Երկրապահի համար։[/b] - Խոնարհվելու ենք միլիոնուկես անմեղ նահատակների հիշատակի առաջ, 2015-ից արդեն՝ սրբադասված նահատակների հիշատակի։ Դե, հիշատակման օր է, խոնարհումի եւ սգո օր է։ Լինելու ենք ոչ միայն Ծիծեռնակաբերդում, այլեւ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ի հիշատակ ցեղասպանության զոհերի կանգնեցված հուշարձանների մոտ։ Երեւանի բոլոր վարչական շրջաններում, Հայաստանի բոլոր մարզերում, Արցախի բոլոր շրջաններում, նաեւ՝ Սփյուռքում Երկրապահը կանգնեցրել է Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ։ Այդ կերպ կամեցել ենք ցուցանել, որ հայ մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքն անմահ են։ Մեր պատվիրակությունները լինելու են նաեւ այս խաչքարերի մոտ։ Սակայն, կարեւոր է հիշելը, որ ապրիլի 24-ը հայության համար ոչ միայն եւ ոչ այնքան սգո օր է, որքան՝ պայքարի եւ վրիժառության։ - [b]Մեծ հույսեր էին կապվում 100-ամյա տարելիցի հետ։ Դա էլ անցավ, սակայն, Թուրքիան անդրդվելի է։ Անիմաստ չէ՞ պայքարն այդ ուղղությամբ։[/b] - Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նոր սկիզբ էր։ Այս տարի էլ հարյուր ու երկու տարին ենք նշում։ Հանձնվելու իրավունք չունենք։ Պետք է համառորեն եւ հետեւողականորեն հասնենք 1915-ի ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը, դատապարտմանն ու հատուցմանը։ Քաղաքակիրթ մարդկությունը մեր կողքին է, մենք ունենք բազում դաշնակիցներ, եւ դաշնակիցների թիվը տարեցտարի աճում է։ Ամենակարեւորն է, որ ազգովի լինենք միաբան։ Այդ դեպքում մեր բոլոր խնդիրներն էլ արդարացի լուծում կստանան։ Մենք պետք է ինքներս պատրաստվենք եւ սերունդներին էլ պատրաստենք այն օրվան, երբ վերատիրանալու ենք մեր բնական հայրենիքին։ [b]- Ինչպե՞ս պետք է պատրաստվենք։ Ի՞նչ է դա ենթադրում։[/b] - Երկրապահը ստեղծման օրվանից տանում է այդ պայքարը։ Սպարապետի գլխավորությամբ երկրապահ կամավորական ջոկատները միավորվեցին, հրադադար պարտադրեցին մեզ պատերազմ պարտադրած թուրք ազերուն։ Մենք կարողացանք մեր հայրենիքի մի փոքրիկ հատվածն ազատագրել, բայց կարեւոր էր, որ ցույց տվեցինք, բացատրեցինք, որ կարող ենք հաղթել, կարող ենք ինքնուրույնաբար մեզ պաշտպանել, մեր հայրենիքը պաշտպանել, տարածքներ ազատագրել։ Հիմա այդ ուղղությամբ մնայուն աշխատանք են «Պատանի երկրապահ» եւ «Երիտասարդ երկրապահ» կառույցների հետ անցկացվող դասընթացները, որ Երկրապահը կազմակերպում է գործընկեր կառույցների եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ համատեղ։ Երկրապահում կրթվող, դաստիարակվող պատանիներն ու աղջիկները Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի են դառնում, պիտանի մարդ ազգի, պետության եւ իրենց ընտանիքների համար։ Նրանք միշտ պատրաստ են պաշտպանել սրբությունները՝ Աստծուն, ծնողին, հայրենիքը։ -[b] Եթե կարելի է՝ մի-երկու խոսքով էլ անդրադառնանք Երեւանում սպասվող ավագանու եւ քաղաքապետի ընտրությանը։ Երկրապահը դարձյալ ակտի՞վ է լինելու։[/b] - Երկրապահը երբեք չի կարող անտարբեր լինել երկրի ճակատագրի նկատմամբ։ Թիվ մեկ պայմանն է, որ բոլոր երկրապահներն ակտիվորեն մասնակցեն ընտրությանը, կատարեն իրենց քաղաքացիական պարտքը։ Եվ իհարկե, ինչպես համագումարի բանաձեւով ամրագրել ենք, սատարելու ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հատկապես, որ քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն էլ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով ԵԿՄ վարչության անդամ է։ ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված են ԵԿՄ վարչության մի քանի տասնյակ անդամներ։ Երեւանում շուրջ 25 000 երկրապահ կամավորական է բնակվում: Նրանք ակտիվորեն մասնակցելու են ընտրությանը: Ես վստահ եմ, որ արդար, օրինակելի ընտրություն կլինի, որ ոչ թե կբաժանի մեր ազգին, այլ ավելի կնպաստի ազգային միասնությանը, համախմբմանը։

Նմանատիպ նյութեր