211652_close_icon
views-count4398 դիտում article-date 12:39 21-04-2017

ՀՀ գյուղնախարարությունը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հետ քննարկել է գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի ծրագրի վերանայման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` սուբսիդավորվող վարկերի ծրագիրը վերանայելու և նոր պայմանները քննարկելու նպատակով: «Գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստանալ մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր նպատակին և չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք մշակել նոր ծրագիր, որով կխթանենք փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների խոշորացումը և կնպաստենք արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը առաջարկել է փոխել չափորոշիչները և վերանայել վարկերի տրամադրման պայմանները: Մասնավորապես նախատեսվում է ուսումնասիրել սուբսիդավորման ավելացման հնարավորությունը, ինչի արդյունքում էլ ավելի կնվազի վարկային տոկոսադրույքը և բարձրացնել տրամադրվող գումարի շեմը: Բացի այդ, տնտեսությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվող գումարներն առավել արդյունավետ և նպատակային ծախսվեն և ուղղվեն բացառապես ոլորտի զարգացմանը: Նախարարն առաջարկել է, որպեսզի ծրագիրը գնահատվի բանկի մասնագետների կողմից, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրման հարցը: Միաժամանակ կարևորվել է անհրաժեշտության դեպքում ֆերմերներին խորհրդատվություն տրամադրելու հարցը: Նշենք, որ այս տարի շարունակվում է 8 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, որի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 700 մլն դրամի չափով գումար:

Նմանատիպ նյութեր