211652_close_icon
views-count4633 դիտում article-date 16:57 18-04-2017

Մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. ապրիլի 19-ից մայիսի 30-ը, Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության` մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: Մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը 18:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացմանը, հաստատել նոր ստեղծագործական կապեր տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև, այլազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ պատշաճ կերպով ներկայացնել իրենց վարպետությունը, գեղարվեստական կրթության ոլորտում իրականացնել գիտամանկավարժական փորձի փոխանակում: 2017 թվականին մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ` 35 երկրից: Մրցույթը կանցկացվի 5 տարիքային խմբով, 19 անվանակարգով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողովրդական գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր և երգչախմբեր, պարարվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ հաղթողներին կշնորհվի Մեծ մրցանակ: 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III, IV, V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ: Փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված 72 գործիչներ` աշխարհի 14 երկրից: Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամները և անվանի երաժիշտները Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության և պատերազմների» խորագիրը կրող բարեգործական համերգներով, ինչպես նաև կանցկացնեն վարպետության դասեր: Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ` Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերից: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և տարբեր երկրներում: Նրանց համար կկազմակերպվի նաև ամառային ստեղծագործական ակադեմիա: Ս. թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը:

Նմանատիպ նյութեր