211652_close_icon
views-count6810 դիտում article-date 20:35 17-04-2017

Ազդարարվեց Հովհան Օձնեցու գահակալության 1300-ամյակի միջոցառումների սկիզբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդակցության աստվածապարգև սրբազան վայր է եղել Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցի Կաթողիկոսի շիրիմը: Մինչ օրս սրբի շիրիմին ուխտի գնացած բազում հայորդիներ իրենց ուխտն են նորոգել աստվածընտրյալ կաթողիկոսի բարեխոսությամբ: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ հաստատված և ավանդություն դարձած համաթեմական ուխտագնացությանը ամեն տարի ոգեշնչող կարգախոսով ուխտավորները առաջնորդվել են դեպի սրբավայր: Այս տարի արդեն Սուրբ Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակի առթիվ, ապրիլի 17-ին` Սուրբ Հայրապետի ննջման հիշատակության օրը, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի, դարձյալ կազմակերպվեց համաթեմական ուխտագնացություն դեպի Արդվի և Օձուն: Նախորդ տարիների պես, այս տարի ևս, Սրբի շիրիմին խոնարհվելու և բարեխոսություն խնդրելու էին եկել հարյուրավոր ուխտավորներ Լոռու մարզի տարբեր շրջաններից և Հայաստանի այլ մարզերից ու սփյուռքից: Ուխտագնացությանը մասնակցում էին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Մայր Աթոռի ճարտարպետ Արա Վարդանյանը, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձինք: Երիտասարդ ուխտավորները, թեմի հոգևոր հովիվների հետ միասին` շուրջ 800 և ավելի ուխտավոր, Հոգևոր դասի առաջնորդությամբ, խաչերով, խաչվառներով գյուղամիջից խաչերթով շարժվեցին դեպի սրբավայր: Սրբանեսի վանքում պատարագիչն էր Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Հայրն օրհնեց և իր հայրական հորդորն ուղղեց բոլոր ուխտավորներին. «Ձեր աղոթքներով հայցեք Սուրբ Հայրապետի բարեխոսությունը մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգության համար: Խնդրեցեք նրա օրհնությունը Ձեր անձերի ու միմյանց համար: Աղոթեք, որ մեր սրբերի բանակը մշտարթուն զինվորի պես հսկի մեր հայ աշխարհի անդորրը, քանզի Նրանք երկնքում հանդիսանում են մեր բարեխոսներն ու պահապանները»: Վանաձոր քաղաքի թվով 350 և ավել ուխտավորների ուխտագնացության հովանավորն էր գործարար Արմեն Դալլաքյանը: Արարողությունների ավարտին բարերարի կողմից ներկաներին մատուցվեց ուխտի մատաղ: Սրբակենցաղ Հայրապետն իր կենդանության օրոք իսկ ձեռք է բերել սրբի, աստվածաբանի և եկեղեցական-քաղաքական գործչի համբավ, ում ձեռքով կատարվել են բազում հրաշագործություններ և ով կյանքի վերջին տարիներին` հրաժարվելով կաթողիկոսական գահից, առանձնացել է աշխարհից, զբաղվել ճգնությամբ: Հայրապետը Մայր Եկեղեցու այն մեծագույն սուրբերից է, ով քայլելով պատմության դժվարին քառուղիներում` ազգային հզոր եկեղեցի ունենալու տեսլականով հսկայական ժառանգություն է թողել հայ ժողովրդի համար և այդ ընտիր ավանդի կրողներն այսօր մենք ենք: Այդ օրը նաև ազդարարվեց Հովհան Օձնեցու գահակալության 1300-ամյակի միջոցառումների սկիզբը: Այս տարի նախատեսվում է Գուգարաց թեմի, Լոռու մարզպետարանի և «Լոռվա Ձոր» հայրենակցական միության հետ համագործակցաբար կազմակերպել գիտաժողովներ, Հայրապետին վերաբերվող գրքերի վերահրատարակություն, նրա կիսանդրի քանդակում և տեղադրում, մատուռ-զանգակատան վերանորոգում, ինչպես նաև Հոռոմայրի վանական համալիրի կազմում ընդգրկված Սբ Նշան եկեղեցու վերին հատվածի վերակառուցում և այլն: [b]ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր